երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կքննարկվի հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու հարցը

Կքննարկվի հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու հարցը

Երեւանի ավագանու առաջիկա նիստին քննարկվելու է Իսրայելյան 37 շենքի հարեւանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու հարցը։

Նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղվածգրությունը, որով Իսրայելյան 37 շենքի բնակիչներն առաջարկում են նույն շենքում բնակված հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրել՝ դրանով իսկ վառ պահելով հայ ականավոր գործիչների հիշատակը:

Հուշակոթողի վրա կլինեն 26 հայ մեծանուն գործիչների անուն-ազգանունները.

Սոս Սարգսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Արա Շիրազ - ՀՀ ժողովրդական նկարիչ
Ալեքսանդր Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ
Վահրամ Եղշատյան - ՀՀ ժողովրդական արտիստ
Ազատ-Մարիամ Զուլումյան - ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Վաղարշակ Էլիբեկյան - Վրաստանի ժողովրդական նկարիչ
Լևոն Թուխիկյան - ՀՀ ժողովրդական արտիստ
Վանուշ Խանամիրյան - ՀՀ ժողովրդական արտիստ
Գուսան Շահեն Սարգսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Անժիկ Հակոբյան - ՀՀ վաստակավոր ժուռնալիստ
Ֆրունզե Մկրտչյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Վարդան Հովսեփյան - ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ
Նար Հովհաննիսյան - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Մելինե Համամջյան - ՀՀ ժողովրդական արտիստ
Էդուարդ Ղազարյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ռուբեն Հովսեփյան - ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Աշոտ Մելքոնյան - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
Վերջալույս Միրիջանյան - ՀՀ վաստակավոր արտիստ
Ալբերտ Յավուրյան - ՀՀ ժողովրդական արտիստ
Սվետլանա Գրիգորյան - ՀՀ ժողովրդական արտիստ
Ելենա Արարատովա - ՀՀ ժողովրդական արտիստ
Մայիս Կարագյոզյան - ՀՀ վաստակավոր արտիստ
Ալբերտ Սարգսյան ՀԽՍՀ - վաստակավոր նկարիչ
Սուրեն Սաֆարյան ՀԽՍՀ - ժողովրդական նկարիչ
Վարուժան Վարդանյան - ՀՀ վաստակավոր նկարիչ
Ալեքսանդր Պետրոսյան - ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային:

Գրության մեջ նաեւ նշվում է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Այն կզարդարի Երեւան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցը, որն ավարտվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանով:

Հուշակոթողի տեղադրման համար նաեւ դիմել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ու Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

 

  • Կիսվել: