ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթը

Կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ից 13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի արդեն 8-րդ անգամ: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կոմպոզիտորների միությունից:

՛՛Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ.) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված ցանկացած գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայանագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների, ինչպես նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների համար:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի ֆեյսբուքյան էջին մինչև մայիսի 8-ը՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր (ընթերնելի) տարբերակով):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին (facebook.com/mirzoyancompetition)՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: