չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խաչատրյան փառատոնն Հայաստանում կհյուրընկալի հանրաճանաչ երաժիշտների

Խաչատրյան փառատոնն Հայաստանում կհյուրընկալի հանրաճանաչ երաժիշտների

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և  ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի համատեղ համերգով դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի յոթերորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է մինչև դեկտեմբերի 21-ը: Այս մասին հայտնում է armenpress.am-ը։

Բացման երեկոյին Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։

Փառատոնի և նվագախմբի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

«Ըստ ավանդույթի` աշխարհի մեծ նվագախմբերն ունեն ռեզիդենտ արտիստներ: Եթե  մի տարի առաջ զրուցեինք այդ մասին, ես ձեզ կասեի, որ այդ թեմայի շուրջ բանակցում ենք Մաքսիմ Վենգերովի հետ: Նա նվագել է Չիկագոյի, Լոնդոնի սիմֆոնիկ, Մարինյան թատրոնի նվագախմբերի հետ: Վենգերովի հետ համագործակցությունը մեզ համար ձեռքբերում է: Նա համաձայնվեց այս  համերգաշրջանում լինել մեր ռեզիդենտ արտիստը: Անհավանական մեծ շրջագայություն ենք ունենալու միասին. ելույթներ Մյունխենում, Շտուտգարտում, Զալցբուրգում, Բեռլինում, Պրահայում, Վիեննայում, Մոսկվայում:  Նվագելու ենք այն ծրագիրը, որը պատրաստվում ենք ներկայացնել փառատոնի բացմանը»,-պատմեց Սմբատյանն ու հիշեցրեց, որ փառատոնի շրջանակում նախանցյալ տարի Հայաստան էր ժամանել Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը, անցյալ տարի`հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկին, արտիստներ, որոնք էլ ավելի են բարձրացնում փառատնի հեղինակությունը:

Խոսելով փառատոնի յուրահատկությունից` նա ասաց, որ այն Արամ Խաչատրյանին ներկայացնում է որպես առաջնորդի ոչ միայն իր երաժշտությամբ, այլև  տեսլականով:

Սմբատյանի կարծիքով` Խաչատրյանի ստեղծագործությունները շատ հայկական են, բայցև`  համամարդկային:

«Երբ ասում ենք Հայաստան, հայ մշակույթ, չենք կարող չհիշել Խաչատրյանին, որը լիդեր է: Նա հերոս է, որի երաժշտությունը մոտիվացնում է բոլորիս: Այդ իսկ պատճառով նվագախումբն իրականացնում է Խաչատրյանի մրցույթ և փառատոն, որոնք տարբեր նպատակներ ունեն: Մրցույթը բացահայտում է նոր անունների, իսկ փառատոնին հանդես են գալիս երաժշտարվեստում մեծ վաստակ ունեցող երաժիշտներ` ներկայացնելով ոչ միայն Խաչատրյանի, այլև այլ կոմպոզիտորների գործեր»,-ընդգծեց  դիրիժորը:

Նա տեղեկացրեց, որ նվագախումբը տարին փակելու է դեկտեմբերի 28-ին Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությամբ:

Սմբատյանը շեշտեց, որ իրենց համերգները տարբեր են և բազմաժանր: «Իմ և նվագախմբի նպատակն է ցույց տալ` երաժշտությունը կատարյալ արվեստ է, իսկ նվագախումբն այդ արվեստը ներկայացնելու կատարյալ գործիք: Երաժշտասերները կարող են տեսնել  մեր համերգաշրջանի երկացանկի բազմազանությունը` Բրուքների 4-րդ սիմֆոնիայից մինչև Մայքլ Ջեքսոն, որոնք ներկայացնում ենք բարձր մակարդակով` Բրուքներին խիստ ավստրոգերմանական ոճով ու ավանդույթներով, իսկ Ջեքսոնին` շոու-տարրերով. դա նվաճում է»,-ասաց նա ու հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսում են իրականացնել երեք ընկերոջ` Խաչատրյանին, Շոստակովիչին և Պրոկոֆևին նվիրված փառատոն:

 

Խաչատրյան յոթերորդ միջազգային փառատոնի շրջանակում անցկացվելու է հինգ համերգային ծրագիր` երեքը սիմֆոնիկ, երկուսը կամերային: Դեկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա դաշնակահար‚ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը: Նա կատարելու է Խաչատրյանի‚ Շոպենի‚ Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Խաչատրյանը և ջազը» սիրված նախագիծը. կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ (Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն «Սպարտակ» բալետից‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Խորհրդային Հայաստանի հիմնը և այլն)։ Խաչատրյանի գործերի ջազային մշակումները նվագախմբի հետ կներկայացնեն մենակատարներ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։

Դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ կունենան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ թավջութակահար Ջոնաթան Սվենսենը և Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի հաղթող‚ դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը։

Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված երեկոյով‚ որի շրջանակում հանդես կգան չինացի մենակատարներ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և չինացի կոմպոզիտորների գործեր։

  • Կիսվել: