երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված կինոդերասանների աստղերի պուրակի կառուցման նախագծին

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված կինոդերասանների աստղերի պուրակի կառուցման նախագծին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել ենթակառուցվածքներին:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը ներկայացրել են միության և Կինոյի տան շենքային պայմանները, իրականացված աշխատանքները: Նախարարի տեղակալին ներկայացվել է նաև միության գործունեությունը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին:

Ծանոթանալով Կինոյի տան նորացված միջավայրին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է շենքային պայմաններում ներառականության ապահովումը: Նա հետաքրքրվել է կազմակերպվող միջոցառումներին հանրության ակտիվությամբ և մասնակցությամբ:

Փոխնախարարին ներկայացվել է նաև Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված կինոդերասանների աստղերի պուրակի կառուցման նախագիծը, որը լինելու է միության շենքին հարակից հատվածում: 

Դանիել Դանիելյանի նշմամբ՝ հայկական մշակույթի պահապանները արվեստագետներն են, ոլորտի ներկայացուցիչները, և նախարարությունը մշտապես պատրաստակամ է նպաստելու կինոյի ոլորտի զարգացմանը միտված արդյունավետ նախաձեռնություններին, նոր գաղափարների և ծրագրերի իրականացմանը:

Նախարարի տեղակալը հետաքրքրվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքով, գրանցած արդյունքներով: Նա կարևորել է փառատոնի միջոցով միջազգային համագործակցության ամրապնդումը:

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները, հայաստանյան ու միջազգային համագործակցությանն ուղղված կարևոր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը:

  • Կիսվել: