հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՀՀ նկարիչների միության նախագահը շնորհավորել են Ֆերդինանդ Մանուկյանի 80-ամյակը

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՀՀ նկարիչների միության նախագահը շնորհավորել են Ֆերդինանդ Մանուկյանի 80-ամյակը

Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի ու հայ կերպարվեստում ունեցած երկարամյա վաստակի համար՝ պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ անսպառ ներշնչանք, առո՛ղջ եղեք, թող հանրությունը միշտ զգա Ձեր ներկայությունը»,- ասել է փոխնախարարը:

Նկարիչների միության նախագահը ևս շնորհավորել է գեղանկարչին՝ մասնավորապես ընդգծելով. «Ձեր անցած ստեղծագործական ուղին բարձր և անգնահատելի հետք է թողել հայ մշակույթի էջերին՝ հայ կերպարվեստն ըստ արժանվույն ներկայացնելով աշխարհի հեղինակավոր մշակութային հարթակներում»:

Ֆերդինանդ Մանուկյանը, վերհիշելով իր ստեղծագործական ուղին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր վաստակն արժևորելու համար: «Չեմ ափսոսում, որ կյանքս նվիրել եմ գեղանկարչությանը և անցել այս դժվար, բայց հաճելի ճանապարհը»,- ասել է նա:

Ֆերդինանդ Մանուկյանը ծնվել է Գյումրիում, սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը: 1968-1972 թթ. եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը՝ այդ տարիներին ծավալած գործունեությամբ գեղեցկացնելով և պահպանելով մշակութային մայրաքաղաքի ուրույն դիմագիծը:

Ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Փարիզում, Գերմանիայում, նաև՝ անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ-ում` Գլենդել քաղաքում, Փասադենայում, Բեշքեթելյան սրահում:

  • Կիսվել: