երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կայացել է Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

Կայացել է Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

Հունվարի 14-ին կայացավ արդեն ավանդույթ դարձած և շատ սպասված Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը:

Փառատոնի համահիմնադիրներն են ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը և ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը:

Այս անգամ մասնակցում էին Հայաստանի տարբեր արվեստի դպրոցների սաները, ավելի քան 200 աշակերտներ մասնակցության հայտ էին ներկայացրել և աշխատանքներ էին նախապատրաստել: Այդ թվում նաև աշխատանքներ ունեինք արցախցի երեխաներից:

Այս անգամ փառատոնի խորագիրն էր «Մենք ուզում ենք ապրել խաղաղ մոլորակում»: Երեխաները խաղաղության մասին իրենց մտքերն էին հանձնել կտավին: Անցկացվում էր երկու անվանակարգով՝ նկարչություն և դեկորատիվ-կիրառական արվեստ:

Փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևա նոյեմբեր ամսից:
Հունվարի 14-ին երեխաների բոլոր աշխատանքները ներկայացված էին ՀՀ նկարիչների միությունում: Սկզբում փառատոնի մասնակիցներն ու հյուրերը դիտեցին փակցված աշխատանքները, այնուհետև բոլորով տեղափոխվեցին
«Մոսկվայի տուն», որտեղ մեծ դահլիճում կայացավ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Նշենք, որ փառատոնի ժյուրիի անդամները ՀՀ վաստակավոր գործիչներ են, ինչպես նաև աշխատանքների գնահատմանը մասնակցել էին նաև մասնագետներ Իտալիայից:

Universe Art միջազգային մրցույթ-փառատոնը համագործակցում է նաև Վլ. Սպիվակովի հիմնադրամի հետ և մրցանակաբաշխության ընթացքում նաև հանձնվեց նվեր մեծանուն դիրիժորի հիմնադրամի կողմից: Աշխատանքներից մեկը կներկայացվի Մոսկվայում «Москва встречает друзей» փառատոնի ընթացքում:

Ինչպես նաև տեղում կազմակերպվեց վիճակահանություն, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները: Վիճակահանության արդյունքում ստացավ դրամական պարգևներ, նկարչական պարագաներ և մոլբերտներ:

Իսկ փառատոնի Մեծ մրցանակը երկու հոգու համար նախատեսված երկօրյա հանգիստ էր դեպի Ծաղկաձոր:

  • Կիսվել: