ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

Կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 26-ը Գյումրիում (սեպտեմբերի 25-28) «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`«Կերպարվեստի թանգարանում» և Երևանում (հոկտեմբերի 17-24) «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցահադրությամբ:

Ցուցահանդեսին կներկայացվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան): Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ձայնագրություններով: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրք, որի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 17-ին:

Նախագծի շրջանակներում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը:

Աշխատարանը տեղի կունենա. Սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան): Հոկտեմբերի 2-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում: Սկիզբը` ժամը 13:00-ին: Ցուցահանդեսի բացման հանդիսությունները տեղի կունենա սեպտեմբերի 25-ին` Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում և հոկտեմբերի 17-ին` Երևանում`«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում:

Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի և հասարակական ոլորտի գործիչներ, դիպլոմատիկ կորպուսի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն: Գյումրիում բացման արարողություններին ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղ. ղեկ.` Հակոբ Ջաղացպանյան), ծրագրում`Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն:

Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15.00:

  • Կիսվել: