երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

Կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 6-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է կազմակերպիչներին հոբելյանի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը, որովհետև այն մարդասիրական արժեքների, բարության, հանդուրժողականության, սիրո, լավագույն գաղափարների հարթակներից մեկն է. «Պետք է նշեմ, որ դեռևս կրթության և մշակույթի պետական քաղաքականության մեջ հստակ ձևակերպված չէր ներառականության քաղաքականությունը, այս փառատոնն արդեն իրականացնում էր ներառականության քաղաքականություն: Ամենածանր շրջաններից մեկում՝ համավարակից հետո, հանրային կյանքը մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնով: «Ֆրեսկոն» շատ հարուստ է տարբեր ուղղություններով՝ երաժշտություն, հոգևոր ֆիլմեր, հանդիպումներ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած ականավոր գործիչների հետ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի փառատոնն ամբողջությամբ իրականանում է մարզում: Եթե նախորդ տարիներին փառատոնն իր որոշ բաղադրիչներն էր տեղափոխում մարզ, ապա այս տարի անցկացվում է Լոռու մարզում՝ Վանաձորում՝ նաև որոշակիորեն նպաստելով քաղաքի գրավիչ վայրերի ճանաչելիության բարձրացմանը: Անչափ կարևորում եմ մարզերում փառատոնի անցկացման այս քաղաքականությունը և հույս ունեմ, որ այն կլինի շարունակական»:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ այս փառատոնն ապացուցել է, որ մարդասիրական արժեքների դեպքում՝ աշխարհիկ և հոգևոր բարձրագույն գաղափարները համընկնում են:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը մշտապես փառատոնի կողքին լինելու համար: Անդրադառնալով փառատոնի կայացման փաստին՝ Աննա Կարապետյանը նշել է, որ տարիներ առաջ միջոցառման ձևաչափից այն վերածվել է փառատոնային սպասված իրադարձության՝ աջակիցների, գործընկերների, կամավորների շնորհիվ: Նրա խոսքով՝ փառատոնն այսօր բաց հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրագործել իր երազանքը:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն շնորհակալություն է հայտնել նախարարությանը, գործընկեր կազմակերպություններին, մասնակիցներին, ԶԼՄ ներկայացուցիչներին փառատոնի կայացման գործում ունեցած նպաստի համար:

Նշենք, որ փառատոնի հոբելյանական հանդիսավոր բացումը տեղի կունենա Վանաձոր քաղաքում: Այս տարի փառատոնն աշխարհի տարբեր երկրներից կհամախմբի արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների՝ վերածելով Լոռու մարզը մշակութային խաչմերուկի: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում հունիսի 23-ից հունիսի 30-ը կցուցադրվեն ֆիլմեր, տեղի կունենան համերգային ծրագրեր. ելույթ կունենան «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Ակունք» ազգագրական համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Ֆոլկ մոդեռն» անսամբլը և այլք:

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ավելի քան 30 միջազգային ֆիլմեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից և այլ երկրներից (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), որոնք մերժում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում են նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի միջազգային փառատոների կազմակերպիչների. ներկա կլինեն Հայր Մարեք Լիսը (Լեհաստան), Պիոտեր Պիետրուսը (Լեհաստան), Վլադ Ռոբսկին (Ուկրաինա), լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը (Իսրայել), Ֆատեմե Մոհամմեդին (Իրան) և այլք:

Հունիսի 25-ին՝ ժամը 16:00–18:00-ը, Դմիտրի Բրիկմանի հետ տեղի կունենա հանդիպում-վարպետության դաս՝ «Լուսանկար. տեսնել անտեսանելին» խորագրով

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12): Հունիսի 27-ին՝ ժամը 16:00-18:30-ը, տեղի կունենա ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Քշիշտոֆ Զանուսիի հետ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12):

Հայաստանյան և միջազգային ֆիլմերը դուրս կգան դահլիճներից. բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները կդառնան հայաստանցիների և զբոսաշրջիկների առօրյայի անբաժան մասը: Վանաձորում տեղի կունենան նաև վարպետության դասեր, հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, ինչպես նաև մշակութային ներառական ճամբար: Հուլիսի 7-9-ը փառատոնի կամփոփվի Էջմիածին քաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: