երկուշաբթի, հունիս 1
1 / 6 / 2020
Ջավախքի Բալխո գյուղում խաչքար է գտնվել (տեսանյութ)

Ջավախքի Բալխո գյուղում խաչքար է գտնվել (տեսանյութ)

Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար է գտնվել: Խաչքարը հայտնաբերվել է գյուղի վերջնամասում, դեպի Զակ տանող ճանապարհին, երկու 14 տարեկան աղջիկների կողմից: Ըստ մասնագետների գտնվածը տապանաքար է, գրում է jnews.ge-ն:

Օրեր առաջ Բալխո գյուղում երկու աղջիկ նկատելով խաչքարն անմիջապես տեղեկացրել են իրենց ծնողներին: Այնուհետև ծնողները խաչքարը զգուշությամբ դուրս են բերել հողի տակից և կանգնեցրել:

«Խաչքարը գտել են երկու 14 տարեկան աղջիկներ շատ պատահական, հետո նրանք այդ տեղեկությունը հայտնել են իրենց ծնողներին, որոնք էլ խաչքարը հանել են գետնի տակից, նրանց կարծիքով խաչքարը ամբողջությամբ չէ։ Որևէ մեկի ցույց չենք տվել և հիմա գտնվում է այնտեղ, որտեղ որ հայտնաբերվել է»,- Jnews-ին հայտնեց Բալխո գյուղի բնակիչներից մեկը:

Ըստ մասնագետների նախնական պարզաբանման՝ գտնվածը տապանաքար է: Առաջին հայացքից նման է 7-8-րդ դարերի խաչքարի, սակայն սա դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի:

Խաչքարը հայկական ճարտարապետական հուշարձանի տեսակ է: «Խաչքար» բառը զուտ հայկական է՝ կազմված խաչ և քար բառերից: Այն հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է արևի (հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը:

Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար, տեղադրվել կարևոր իրադարձությունների առթիվ, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ: Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում:

Տեսանյութերը և լուսանկարը Jnews-ին է տրամադրել Բալխո գյուղի բնակիչներից մեկը:

  • Կիսվել: