ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալացիները հետաքրքրվել են «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում տուրիզմի զարգացմանը միտված ծրագրերով

Իտալացիները հետաքրքրվել են «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում տուրիզմի զարգացմանը միտված ծրագրերով

Վայոց ձորի մարզի Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում ծրագրի իրագործման նպատակով գործակցության ուղիներ նախանշելու համար «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հյուրերն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խորհրդական Անահիտ Ոսկանյանը, «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը, ARS Progetti կազմակերպության մշակութային տուրիզմի մասնագետ Ջենիֆեր Գաետան, քաղաքաշինարարներ՝ Վալենտինա Ռեսենտեն, Արազ Իսրայելյանը, Վայոց ձորի մարզպետարանի և Արենիի համայնքապետարանի աշխատակիցները։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:

Ներկայացնելով  առաջիկա մի քանի տարիներին նախատեսվող  ծրագիրը ARS Progetti  կազմակերպության քաղաքաշինարար Վալենտինա Ռեսենտեն ասել է, որ այն  կընդգրկի  մարզի Արենի խոշորացված համայնքը։ Անդրադառնալով մասնավորապես գինեգործության զարգացմանը, իտալացի գործընկերն ասել է, որ ծրագիրը  կխթանի համայքների ենթակառուցվածքների զարգացմանը։

Հյուրերը  հետաքրքրվել  են  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում տուրիզմի զարգացմանը միտված ծրագրերով։

Կազմակերպության ղեկավար Արա Թարվերդյանը շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, նշել է որ կազմակերպությունը  պատրաստ է ցանկացած գործակցության, որի արդյունքում կակտիվանա մարզի զբոսաշրջությունը, կհանրահռչակվի հուշարձանը։ Արա Թարվերդյանը նշել է, որ դեռևս անցյալ տարի աշնանը շահագրգիռ մի քանի կազմակերպությունների հետ քննարկումներ են անցկացվել, սակայն, ծրագիրը կյանքի չի կոչվել պատերազմի պատճառով։ Նա հույս է հայտնել, որ իտալական կազմակերպության հետ հետագա գործակցությունը արդյունավետ կլինի։

  • Կիսվել: