ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իր մահվան մասին խոսում էր հանգիստ. Վարդան Պետրոսյանը վերհիշում է Ազնավուրի հետ հանդիպման մանրամասները

Իր մահվան մասին խոսում էր հանգիստ. Վարդան Պետրոսյանը վերհիշում է Ազնավուրի հետ հանդիպման մանրամասները

2020 թվականի մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան: Նա այն բացառիկներից էր, ում բոլորն իրենցն էին համարում, ում հետ շփումը ոմանց համար բաղձանք էր, ոմանց համար՝ իրականություն դարձած ձեռքբերում:

Ինչպիսի՞ն էր Ազնավուր քաղաքացին, արվեստագետը, հայն ու ընկերը՝ Aysor.am-ը զրուցել է Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանի հետ, ով իր կյանքի ամենադժվար փուլերից մեկում վայելեց մեծ շանսոնյեյի համակրանքն ու հոգեբանական աջակցությունը: Ի դեպ, Ազնավուրի դուստրն իր գրառումներում հոր և Վարդան Պետրոսյանի հարաբերությունների մասին հաճախ է ընդգծում՝ նրանք համակրում էին միմյանց:

 

 

- Պարոն Պետրոսյան, երեկ Ազնավուրի ծննդյան օրն էր: Տեղյա՞կ եք՝ սիրո՞ւմ էր իր ծննդյան օրերը նշել, ի՞նչ միջավայրում էր սիրում լինել այդ առիթին:

- Չգիտեմ, անկեղծ, չգիտեմ։ Մենք այդքան մտերիմ չէինք, որ այդպիսի հույժ անձնական նրբություններ իմանամ։ Գիտեմ, որ նա սիրում էր ուրախանալ, բայց չէր սիրում չափազանցություններ, հատկապես, երբ իրեն շատ էին փառաբանում։ Սիրում էր ժամանակն անցկացնել և՛ ընկերների, և՛ ընտանիքի հետ։

- Նա իր հարցազրույցներից մեկում շեշտել էր, որ ամեն ինչ անելու է՝ ամենաքիչը 120 տարի ապրելու համար: Նկատե՞լ եք՝ նրա մեջ կա՞ր վախ կյանքից հեռանալուց, մտածո՞ւմ էր, որ ինչ-որ մի բան կարող է հանկարծ կիսատ թողնել:

 

- Նա շատ վստահ էր այդ մասին խոսում, և արդեն՝ շատ վաղուց։ Հիշում եմ՝ իր 70-ամյակի համերգներին միշտ ասում էր, որ 70 տարի ապրել է և դեռ այդքան էլ պիտի ապրի։ Նա, կարծես, պարտադրում էր իր մարմնին երկար ապրել։ Ասում էր, որ կուզեր 1000 տարի ապրել, որովհետև իրեն հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի կյանքը մի քանի հարյուր տարի անց, հազար տարի անց։ Իր մահվան մասին խոսում էր հանգիստ, կարծես՝ օրվա նորությունների կամ մի սովորական երևույթի մասին։ Մեր տանն ասաց Սեդային ՝ իր ավագ դստերը, որ հանկարծ իր համար պետական ճոխ թաղում չկազմակերպեն։ Համեստ, միայն ընտանիքի անդամներով ու հարազատներով։ Սեդան շատ հանգիստ պատասխանեց, որ ժողովուրդը կնեղանա։ Ազնավուրը պնդեց։ Ես էլ կատակով ասացի՝ մի թաղում կարելի է երկրպագուների համար, մյուսն էլ ՝ ընտանիքի։ Կլինի իսկը հայկական։ Չէ՞ որ մեզ մոտ ամեն ինչը երկու հատ է ՝ հայրենիք, լեզու, անգամ ՝ կաթողիկոս... Միտքը նրան շատ դուր եկավ։ Ծիծաղեց, համաձայնեց (ժպտում է, հեղ.):

 

- Շառլ Ազնավուրի հետ Ձեր հանդիպման մասին մենք տեղեկացանք 2018 թվականին: Մինչ այդ շփում ունեի՞ք, ի՞նչ հարաբերությունների մեջ էիք: Երբևէ նրան տեսե՞լ եք Ձեր հանդիսատեսի շարքերում, ներկայացումից հետո կարծիք հայտնո՞ւմ էր, գովաբանական խոսքեր կամ դիտարկումներ անո՞ւմ էր:

- Առաջին անգամ ինձ բեմի վրա տեսավ 2003 թվականին՝ Փարիզի «Marigny» թատրոնում՝ իմ «One Vartan Show» մենաներկայացումով։ Ներկայացումից հետո եկավ գրիմանոց, ջերմ շնորհավորեց։ Ջերմ, բայց ՝ զուսպ։ Ասաց, որ գովեստները թողնում է ընտանիքիս անդամներին ու անմիջապես անցավ դիտողություններին։ Ի դեպ, շատ կառուցողական։ Առաջարկեց, եթե ուզում եմ, հանդիպենք՝ առանձին այդ մասին խոսելու համար։ Հանդիպեցինք իր գրասենյակում ու 1 ժամի չափ խոսեցինք։ Ես գրեթե չէի խոսում։ Ուզում էի մի բառ ավելի «պոկել» նրանից, մի բան ավելի իմանալ։ Իմ առջև իմաստուն էր նստած...

 

2004-ի վերջին ինձ տեսավ Ռոբեր Օսեյնի ներկայացման մեջ։ Մինչև ներկայացման սկսելը, Օսեյնը բեմից հայտարարեց, որ դահլիճում Շարլ Ազնավուրն է: Եվ գիտե՞ք ինչ կատարվեց. դահլիճը՝ 4 հազար մարդ, մի քանի րոպե հոտնկայս, թնդացող ծափահարություններով ողջունեց նրան։ Դերասանները հուզմունքից ավելի ոգևորված էին խաղում, դերասանուհիներից մեկն էլ տեքստը մոռացավ... Ներկայացումից հետո գրիմանոցների մոտ հանդիպեցինք, նա եկել էր Օսեյնին շնորհավորելու։ Հարցրեց՝ ի՞նչ ծրագրեր ունեմ։ Ասացի, որ Ցեղասպանության մասին ներկայացում եմ պատրասում Երևանում խաղալու համար։ Մատները խաչեց՝ հաջողություն մաղթելով։

- Պարոն Պետրոսյան, եթե չեմ սխալվում՝ 2 տարի առաջ հենց նրա տանն էիք հյուրընկալվել: Եվ հետաքրքիր է՝ ի՞նչ լեզվով էին շփվում Ֆրանսիայում բնակվող երկու հայ արվեստագետները:

 

- Ոչ, Ազնավուրն էր մեր տանը՝ Սեդայի հետ։ Խոսում էինք ֆրանսերեն՝ հայերեն մեջբերումներով։ Կարծես՝ հարազատ քեռիս մեզ հյուր եկած լիներ: Այդքան ջերմ էր, պարզ ու անկաշկանդ...

- Ինչպիսի՞ զրուցընկեր էր, ինչի՞ց էր սիրում խոսել: Կա՞ ինչ որ դեպք, որ Ձեզ վրա մեծ տպավորություն է գործել, կամ նրա պատմած պատմություններից որևէ մեկը, որը հանրության համար փակ է մնացել:

- Հրաշալի զրուցակից էր, անչափ հետաքրքիր։ Բայց և չափված, դրա համար չէր լինում նրանից «կշտանալ»։ Շատ սիրով էր պատմում հոր մասին։ Մեր լեզվով ասած՝ հոր «փոստերից»։ Հոր «փոստերը» «սպանում» էին (ծիծաղում է, հեղ.)... Անհավանական գունեղ մարդ, գունեղ կյանք... Գիտեք, նրա պատմություններն ինձ հիշեցնում են ավագ եղբորս մասին, բայց դրանք շատ անձնական են հանրությանը պատմելու համար։ Նաև շատ զվարճալի անեկդոտներ էր պատմում։ Հայերի մասին էր սիրում խոսել։

 

- Մեծ արվեստագետի հետ հանդիպման այդ ժամերը, բացի շփումից, ի՞նչ տվեցին Ձեզ:

- Օրհնություն... Ես կալանքից նոր էի ազատվել ու երկար ընդմիջումից հետո պատրաստվում էի իմ առաջին հյուրախաղերին։ Կարծես՝ ինձ մի մեծ ժառանգություն փոխանցեց ու կանաչ ճանապարհ մաղթեց...

- Ճիշտ է՝ զրույցի սկզբում ասացիք, որ այնքան մտերիմ չեք եղել, որպեսզի անձնական նրբությունների տիրապետեք, բայց կարծում եմ՝ մտերմության այն չափաբաժինը որ կար, բավական էր տեղեկանալու՝ ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ, բնավորության լավ ու վատ կողմեր ուներ Ազնավուրը:

- Անհավատալի գործնական և աշխատասեր էր, ժամանակը զգում էր շատ լավ։ Էներգիան ոչ մի ավելորդ բանի վրա չէր ծախսում, հակառակը՝ ուղղորդված ու նպատակային։ Անհրաժեշտ բանի համար միշտ ժամանակ գտնում էր։ Այդ առաջացած տարիքում անգամ, միշտ փնտրում էր նորը, իրեն ստիպում էր ամեն օր մի ֆիլմ դիտել, իրեն պարտադրում էր ամեն օր կարդալ, գրել, միշտ ծրագրում էր ապագան և համառ ու վստահ գնում առաջ։

 

 

- Այժմ նրա ընտանիքի անդամների հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Այո, Սեդայի հետ։ Մյուսների հետ կապ չի էլ եղել։

- Այս օրերին քննարկվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվան դրաձնելու: Ի՞նչ կարծիքի եք դրա մասին:

- Չգիտեմ անգամ՝ ինքը կուզե՞ր... Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի նրա անունը մշակութային մեծ երևույթների հետ կապել։

  • Կիսվել: