հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հուսով եմ, որ մինչ երեկո». UWC Dilijan-ում տեղի է ունեցել վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը

«Հուսով եմ, որ մինչ երեկո». UWC Dilijan-ում տեղի է ունեցել վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը

UWC Dilijan-ում տեղի է ունեցել վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը: Այս տարի ցուցահանդեսը ստացել է «Հուսով եմ, որ մինչ երեկո» անվանումը: Ցուցահանդեսին մասնակցել են UWC Dilijan-ն այս տարի ավարտող 21 ուսանողներ հետևյալ 26 երկներից՝ Հայաստան, Ռուսաստան, Պորտուգալիա, ԱՄՆ, Կուրակաո, Նեպալ, Իտալիա, Քենիա, Սլովակիա, Էստոնիան, Բանգլադեշ, Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Բելգիա, Եթովպիա, Գերմանիա, Ֆիլիպիններ, Թայվան, Նիդերլանդներ, Բելառուս և Բութան: Առաջին անգամ միջոցառման ընթացքում նաև կցուցադրվեն UWC Dilijan-ի ուսուցիչների գործերը:

Ուսանողների նպատակն է եղել արտացոլել ապագայի նկատմամբ իրենց դրական ակնկալիքները:

Իր բացումից ի վեր UWC Dilijan-ն ամեն տարի իրականացնում է այս ցուցահանդեսը՝ հնարավորություն տալով ուսանողներին ներկայացնելու իրենց ուսումնական երկու տարիների ընթացքում ստեղծած արվեստի գործերը: «Վիզուալ արվեստ» առարկայի միջոցով ուսանողներն ինքնարտահայտվում են՝ ընտրելով արվեստի տարբեր ուղղություններ. նկարչություն, կավագործություն, լուսանկարչություն, տպագրություն և այլն: Ուսանողները կարող են փորձել արվեստի գործերի ստեղծման բոլոր մեթոդները, ընտրել, թե որ աշխատանքներն են իրենց համար լավագույնը և կերտել իրենց ուրույն ստեղծագործական ուղին:

«Յոթ տարի անընդմեջ մեր ուսանողների հետ համատեղ ես պատիվ եմ ունեցել իրականացնելու արդեն իսկ ավանդույթ դարձած այս ցուցահանդեսը: Ներկայացված գործերի մշակման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել UWC Dilijan-ի արվեստի ուսուցիչները, ինչպես նաև Դիլիջանի երկրագիտական թանգարանի տնօրեն Արման Բադեյանը, ով սիրով պարբերաբար այցելում է դպրոց իր փորձով և գիտելիքներով ուսանողների հետ կիսվելու համար: Չնայած որ բոլոր ուսանողների աշխատանքները չեն, որ ուղղակիորեն կապված են Հայաստանի կամ Դիլիջանի հետ՝ հաճելի է գիտակցել, որ հենց այստեղ են նրանք ոգեշնչվել և ստեղծագործել: Հետևաբար, Դիլիջանն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի մեր երիտասարդ արվեստագետների սրտում: Երբ քննարկում էինք ցուցահանդեսի անվանումը, «Հուսով եմ, այս գիշեր»-ը սկզբում հնչեց որպես հումորային մեկնաբանություն առաջադրանքների ներկայացման ուշացման վերաբերյալ: Սակայն քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրահանգմանը, որ այն իսկապես ամփոփում է ավելի լավ ապագա և աշխարհ ունենալու մեր միասնական ցանկությունը՝ հույս ունենալով որ այն իրականություն կդառնա շուտով` մինչ երեկո», — նշում է UWC Dilijan-ի արվեստի բաժնի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին:

«Կարծում եմ, որ «Վիզուալ արվեստի» առարկան իր տեսակով եզակի և հարստացնող է, քանի որ ստեղծագործական գործընթացը ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառում, այլև ծառայում է որպես անգիտակցական միջոց՝ պայքարելու անցյալի փորձառությունների հետ: Առաջադիմելով իմ գեղարվեստական ճանապարհորդության մեջ՝ այն հասցրի սպեկտրումի նոր բարձունքների, որտեղ ճարտարապետությունը և դրա տարրերը ավելի շուտ գործիք դարձան իմ նախկին փորձառությունների արտահայտման համար: Ճարտարապետության հանդեպ իմ սերը ոգեշնչում է ինձ երազել, տեսնել ու երևակայությունս շոշափելի ձևերի՝ քանդակների ու գծագրերի վերածել: Իմ ցուցահանդեսում ուսումնասիրված հայեցակարգերի շրջանակն ընդգրկում է ճարտարապետության ավանդական սկզբունքներից, երազների և պատմվածքների կախարդական տիրույթից մինչև մանկության և անցյալի հիշողություններ», — ասել է Նանա Հայրումյանը (Լեռնային Ղարաբաղ/Հայաստան, UWCD’23):

«Վիզուալ արվեստ»-ի ընտրությունն իմ ամենահամարձակ որոշումներից է եղել: Սկզբում մտահոգված էի և ունեի վախեր, բայց այս ընթացքում փորձել եմ հաղթահարել այդ ամենը: Ինքնաբացահայտման իմ ճանապարհին այս առարկան դարձավ իմ կյանքի ուղու անբաժանելի մասը՝ օգնելով ինձ արվեստի միջոցով արտահայտել այն ամենն, ինչ բառերով հնարավոր չէր: Վիզուալ արվեստն ինձ համար հոգևոր նշանակություն ունի: Ցուցահանդեսին ներկայացված իմ արվեստի գործերը դրա վառ ապացույցն են: Սա մի խենթ և միևնույն ժամանակ զվարճալի փորձառություն էր, որից քաղած դասերն ինձ հետ կմնան առհավետ», — ասել է Անկուր Գուրագաինը (Նեպալ, UWCD’23)ւմ և այլն:

  • Կիսվել: