շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունաստանում կրթություն ստանալու հնարավորությունները հայ ուսանողների համար ընդլայնվում են

Հունաստանում կրթություն ստանալու հնարավորությունները հայ ուսանողների համար ընդլայնվում են

Նկատի ունենալով ԵՀԻԿ-ի վերջին նախաձեռնությունը` ամբողջական և մասնակի կրթաթոշակներ հատկացնել Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցում ինչպես հայ, այնպես էլ այլ երկրների ուսանողների համար, Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է ԵՀԻԿ` կրթության գծով գլխավոր տնօրեն տիկին Պանորեա Սպիլիոպուլուի և մարքեթինգային հաղորդակցության գծով տնօրեն տիկին Սանդրա Մանիուդակիի հետ քննարկելու այդ հնարավորությունը։

Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ հանդիպման ընթացքում ԵՀԻԿ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը միջազգային համալսարանական դպրոց է, ղեկավարվում է ԵՀԻԿ-ի կողմից` կենտրոնանալով Եվրոպական իրավունքի և կառավարման վրա՝ մասնավորապես երեք մասնագիտացումների շուրջ` քաղաքագիտություն, հանրային կառավարում և միջազգային հարաբերություններ:

Դպրոցն առաջարկում է բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, ինչպես նաև գիտական աստիճաններ` մինչև դոկտորանտուրայի մակարդակ: Քանի որ Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը ցանկանում է ընդլայնվել` ներկայացված լինելով ավելի շատ լսարաններում, կրթաթոշակներն ուղղված են մի շարք երկրների համար, որոնց թվում է նաև Հայաստանը:

ԵՀԻԿ ներկայացուցիչները տեղեկացրել են Հայաստանի դեսպանին, որ 2022 թվականին դպրոցը տրամադրել է 20 մասնակի և 20 ամբողջական կրթաթոշակ Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցի բակալավրիատի համար և հավասարաչափ քանակությամբ կրթաթոշակներ` դպրոցի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի համար:

Ուսուցումը կարող է լինել ինչպես հեռավար, այնպես էլ ուղիղ, ֆիզիկական մասնակցության ձևով:

Միաժամանակ, Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցը զուգահեռ ուսուցման հնարավորություն է ընձեռում. լինելով մեկ այլ կրթական հաստատության ուսանող՝ հնարավորություն է ընձեռվում հաճախելու Եվրոպական Իրավունքի և Կառավարման դպրոցի դասընթացներին: Ապագա ուսանողները պետք է դիմեն առցանց` իրենց դիմումի ձևի մեջ նշելով, որ ցանկանում են հայերի համար նախատեսված ուսանողական կրթաթոշակ ստանալ: Դիմելու իրավունք ունեն բոլոր հայազգի ներկայացուցիչները, ներառյալ՝ Սփյուռքի: Դասընթացները կանցկացվեն անգլերենով։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՀԻԿ- ին առաջարկի համար` խոստանալով փոխանցել դպրոցի ու առաջարկվող կրթաթոշակների մասին տեղեկությունը Հայաստան, ինչպես նաև՝ խրախուսել ուսանողներին՝ դիմել ծրագրին:

Դեսպանը նշել է, որ Հայաստանում քաղաքագիտության, հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների ու Եվրոպական իրավունք առարկաների դասընթացներին մասնակցողների թիվը բավական բարձ է` կարծիք հայտնելով, որ հայաստանյան բուհերը և հայ ուսանողները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի նկատմամբ:

  • Կիսվել: