շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց «Տարվա լավագույններ» մրցույթում հաղթող ճանաչված 22 ծրագրերի հեղինակներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց «Տարվա լավագույններ» մրցույթում հաղթող ճանաչված 22 ծրագրերի հեղինակներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրեց  «Տարվա լավագույններ 2022» մրցույթում  հաղթող ճանաչված 22 ծրագրերի հեղինակներին:

Հաղթող ծրագրերում  ընդգրկված էին 33 մանկավարժներ: Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի սահմանած նվազագույն շեմը (հանրակրթական ուսհաստատությունների համար՝ սկսած 63 %–ից, նախադպրոցական ուսհաստատությունների համար՝ 59 %-ից) հաղթահարել է 22 ծրագրային առաջարկ, որից 11-ը՝ անհատական, 11-ը՝ խմբային։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորելով բոլոր ուսուցիչներին՝ ընդգծեց, որ մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ինչպես նաև՝ տարածել առաջավոր փորձը և նպաստել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը:
 

«Տարբեր հարթակներում բազմիցս նշվել է, որ մեր բոլոր խնդիրները գալիս են կրթությունից և նախակրթությունից: Այդ ոլորտում այսօր իրականացնում ենք մի շարք նոր բարեփոխումներ:  Իսկ արդեն երրորդ անգամ իրականացվող  «Տարվա լավագույններ 2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ, որոնք համապատասխանել են «Տարվա լավագույններ» մրցույթի կարգով սահմանված բոլոր պահանջներին»,- ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի ավելի շատ  թվով հայտեր ունեցել  են նախադպրոցական հաստատություններից: Ըստ փոխնախարարի՝ պետք է ամեն տարի խրախուսեն, որպեսզի  նախադպրոցական հաստատությունների մասնակցությունն էլ ավելի մեծանա: Ստեղծվեն  նորարարական ծրագրեր և օգտագործվեն նախադպրոցական ուսումնական գործընթացում:

 

«Այժմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատակազմի համար իրականացվում են մի շարք բարեփոխումներ: Ես կարծում եմ, որ այդ ամբողջ գործընթացը նպաստելու է, որպեսզի նախադպրոցական հաստատությունները նույնպես մեծացնեն ակտիվությունը և էլ ավելի մեծ ոգևորությամբ մասնակցեն բոլոր հնարավոր ծրագրերին»,-ասաց փոխնախարարը:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչված՝ Աբովյան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ  Սամվել Սարգսյանն ասաց, որ իր ներկայացրած ծրագիրը ներառում է մի քանի առարկաների մասնակցությամբ մեկ դասի կազմակերպումը: Տվյալ դեպքում առաջատար առարկան պետք է լինի ՆԶՊ-ն, իսկ մյուս առարկաները պետք է օգնեն բարդ հասկացություններն ավելի պարզ աշակերտներին ներկայացնել:

Ըստ ուսուցչի՝ «Աշխարհագրություն» առարկան կարող է ինտեգրվել ռազմական տեղագրության գործում, «Երկրաչափություն» և «Ֆիզիկա» առարկաները կարող են օգնել կրակային պատրաստության գործում, «Ֆիզկուլտուրա» առարկան՝ շարային պատրաստության, իսկ «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները՝ հայ ռազմարվեստի պատմության գործում:   

«Տարվա լավագույններ 2022» մրցույթում ընդգրկված է վեց անվանակարգ«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 144 հայտ, հաղթող է ճանաչվել 14 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 3 ծրագիր:

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 8 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր:

«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 4 հայտ: Այս անվանակարգում ոչ մի ծրագիր հաղթող չի ճանաչվել։

«Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 1 հայտ, որը ճանաչվել է հաղթող:

  • Կիսվել: