ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը:

Նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Օրակարգային հարցերն էին՝ մրցույթի կարգով հաստատված 20 անվանակարգերից ընտրել մրցութային 5 անվանակարգ, ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ բաղկացած 10 անդամներից, որոնք ընտրվում են կազմկոմիտեի կողմից՝ ըստ անվանակարգերի, սահմանել մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետները:

Կազմկոմիտեի անդամները ծանոթացել են բոլոր անվանակարգերին և առանձնացրել դրանցից հինգը՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
  • գյուղատնտեսական գիտություններ,
  • քիմիական գիտություններ,
  • ռազմական գիտություններ,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Քննարկվել է նաև փորձագիտական խմբի անդամների ընտրության հարցը: Նախանշվել են պետական և մասնավոր այն կառույցները, որոնց ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն որպես «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացված նախագծերը գնահատող փորձագետներ:

Փորձագիտական հանձնաժողովի ձևավորումից հետո կազկոմիտեի մասնակցությամբ կհրավիրվի նիստ՝ հաստատելու հայտերի ընդունման ձևաչափին ներկայացվող պահանջները և գնահատման թերթիկի չափորոշիչները:

Նախնական պայմանավորվածությամբ՝ որոշվել է հայտերի ընդունման ժամկետը սահմանել մինչև 1 ամիս:

 

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:

  • Կիսվել: