երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման. ԱԳՆ տեղակալը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման. ԱԳՆ տեղակալը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության, հանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում: Այս մասին Իրանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յոթերորդ նախարարական հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Աշխարհի տարբեր անկյուններում առկա զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն են ունենում մշակութային և կրոնական հուշարձանների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, ինչպես նաև թվային և արբանյակային տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների օգտագործումը, ստեղծում է մշակութային ժառանգության պաշտպանության և մշակութային վանդալիզմի կանխարգելման կարևոր գործիքակազմ։

2018 թվականի հուլիսի 13-ին ընդունված Տիուանակուի հռչակագրում ֆորումի անդամները դատապարտել են այն փաստը, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության հուշարձանների ամբողջականության համար։ Ինչպես նշված է 2022 թվականի դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում, անդամ պետությունները կիսում են խորը մտահոգություն՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:

Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը առաջատար միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին, օրինակ, ՅՈւՆԵՍԿՕ-ն է: Առկա է չօգտագործված ներուժ մեր հնագույն քաղաքակրթությունների՝ որպես մարդկության մշակութային ժառանգության միասնական հարստության հանրահռչակման ուղղությամբ։ Հայաստանը պատրաստակամ է ֆորումի անդամների հետ իրականացնել համատեղ նախաձեռնություններ ՅՈւՆԵՍԿՕ-ում և այլ բազմակողմ հարթակներում։

Պարոն նախագահ,

Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության էթնիկ զտումների, ավելի է վտանգել հայկական մշակութային ժառանգությունը։

Մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ավերման և ինքնության խեղաթյուրման պետական քաղաքականությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության համար: Իրավիճակի լրջությունը պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ ջանքեր գործադրի։ Այս առումով մենք աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, ինչին Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է:

Հուսով ենք, որ հավաքական ջանքերի և մարդասիրության, խաղաղության և մշակութային ժառանգության պահպանման արժեքներին մեր անսասան նվիրումով կկարողանանք նշանակալից ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում վտանգված հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։

  • Կիսվել: