հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կստեղծվի հայ-չինական քաղաքակրթությունների հարթակ

Կստեղծվի հայ-չինական քաղաքակրթությունների հարթակ

Հայաստանի և Չինաստանի միջև մշակույթի, հրատարակչական գործի փոխանակման և համագործակցության ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք են բերվել, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Պայմանավորվածության համաձայն` Չինական մշակույթի  թարգմանության և ուսումնասիրությունների աջակցության ցանցը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանձնում են չինական և հայկական դասական, մանկական, ճանաչողական գրականության թարգմանության և հրատարակման, միմյանց երկրներում տարածման և հանրայնացման աշխատանքները:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի՝ հոկտեմբերի 27-30-ը աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ժամանակ:

Չինական կողմի առաջարկով կստեղծվի քաղաքակրթությունների հարթակ՝ մշակույթների ուսումնասիրման,  փոխանակման և փոխճանաչելիության համար: Առաջիկա 5 տարիներին կողմերը ակտիվորեն կիրարկանացնեն այս նպատակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի ակադեմիական ուսումնասիրությունների, կրթության և փոխճանաչելիության համար:

Մեծ ուշադրություն կդարձվի մանկական գրականության թարգմանության և միմյանց երկրներում տարածման ուղղությամբ: Կմշակվի գրադարանային համագործակցության ծրագիր: Հայկական կողմը առաջարկել է մանկական գրականության հրատարակման ժամանակ ներգրավել երկու երկրների երեխաներին` նրանց վստահելով գրքերի փոխադարձ նկարազարդումները:

  • Կիսվել: