ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկական էպոսը աֆրիկացիների շուրթերից` երգեցիկ ֆրանսերենով (լուսանկարներ)

Հայկական էպոսը աֆրիկացիների շուրթերից` երգեցիկ ֆրանսերենով (լուսանկարներ)

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կներկայացնի հայկական «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսի երաժշտական բեմադրությունը: Ապրիլի 13-ից 19-ը ֆրանսիական թատրոնը կշրջի քաղաքաից քաղաք ու ֆրանսերենով կպատմի հայկական էպոսի երեք գլուխները՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ:

Սա մի ներկայացում է, որտեղ հայկական էպոսի մեկնաբանությունը վստահվել է տարբեր ազգերի ներկայացուցիչների` հայ, կոնգոցի, գվադելուպցի, ֆրանսիացի: Ֆրանսախոս դերասաններից յուրաքանչյուրն իր ազգային երգ ու երաժշտությամբ, գործիքներով է փորձում համեմել մեր էպոսը:

Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված է աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ, որը հնարավորություն է տալիս նորովի «տեսնել» ու բացահայտել հայկական էպոսը։
Ներկայացումը ֆրանսերենով է՝ հայերեն ենթագրերով։

Բեմադրությունը կառուցելիս ռեժիսորը ցանկացել է պահպանել հիմնական ասելիքը, որ դրված է էպոսի հիմքում` միահյուսելով երգ ու երաժշտության հետ:

Այս միջմշակութային երկխոսության հիմքում Ֆրանսիայում հայկական էպոսի հանրահռչակումն է: Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաև Իրապա հարթակի աջակցությամբ։

Նախագծի հեղինակները վստահ են, որ հայկական ժողովրդական էպոսին անդրադառնալն այսօր կենսական նշանակություն ունի, էպոս, որը հայ ժողովրդի վերածննդի ու հարատևության դրսևորումն է։

 

  • Կիսվել: