հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկել տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու հարցը. Միրզոյան

Հայաստանը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկել տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու հարցը. Միրզոյան

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը վկայություն է այն մասին, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Այս մասին այսր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությանը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի նախարարի դիրքորոշման և մտադրության կապակցությամբ։ Եվ այդ հայտարարության մեջ խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Մեր կարծիքով՝ սա ևս մի վկայություն է այն բանի, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Այստեղ իրավացի են պնդումները այն մասին, որ սա տարիներ շարունակ տևած հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության մի դրսևորում կարող է լինել։

Կարող եմ ասել, որ սա նաև մարտահրավեր է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի համար և հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վերաբերյալ վճռի առումով, որտեղ շատ հստակ պարտադրվում է Ադրբեջանին կանխել և պատժել վանդալիզմի և պղծման դեպքերը՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, կրոնական ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ հուշարձանների, տեսարժան վայրերի դեմ։ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը՛՛։

Ըստ Միրզոյանի՝ հրամայական է դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, և Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը, որի մասին Հայաստանը և Ադրբեջանը փետրվարի 4-ին մտքեր են փոխանակել։

Նա հավելեց, որ հստակ ժամկետներ չկան, բայց կողմերը վերահաստատել են կարևորությունը տարածաշրջան այդպիսի այց տարածաշրջան ունենալու։

՛՛Եվ հիմա այս հայտարարությունից հետո ևս դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նաև նախատեսում ենք ոչ առցանց հանդիպումներ՝ քննարկելու այս հարցը։ Մեր պատկերացումներով, այդ այցը պետք է տեղի ունենա 1954 թվականի զինված ընդհարումների դեպքում մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիայի սահմանված սկզբունքներին համահունչ՛՛,-ասաց նախարարը:

  • Կիսվել: