երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում կայացած համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2-ը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար, Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Ջիվան Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 5-ը՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Եժովը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մաեստրո Սաթյանը բարձր է գնահատում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Նա ընդգծում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության միջև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համատեղ իրականացնելու նպատակով համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի շնորհիվ է'լ ավելի է սերտացել երկու հաստատությունների համագործակցությունը։ «Շատ կարևոր է, որպեսզի հնչեն ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Եվ այսօր արդեն որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործեր հնչում են, նրանք իրենց նոր մոտեցումներով ճանաչելի են դառնում երաժշտական հանրությանը»,- ասում է պարոն Սաթյանը։

Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Նա ընդգծում է, որ ուրախ է Երևանում կրկին ելույթ ունենալու հնարավորության համար։ Ջանլուկա Մարչիանոն բազմից ներկայացրել է ժամանակակից կոմպոզիտորների, այդ թվում՝ հայ, ստեղծագործություններ, սակայն սա առաջին համերգն է, որի ծրագիրն ամբողջությամբ կազմված է ժամանակակից հայ կոմպոզիտորների հեղինակած գործերից։ Դիրիժորի խոսքով՝ համերգի ընթացքում ներկայացված երեք կոմպոզիտորներն էլ շատ տարբեր են, երեք տարբեր ոճեր, ինչը մեկնաբանելն իր համար հաճելի մարտահրավեր է. հնարավորություն է ստանում ուսումնասիրելու նրանց ոճը, մեծ հաճույք է զգում նոր կոմպոզիցիաների հետ աշխատելիս։

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի փակման համերգը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Սուրեն Զաքարյանի, Տիգրան Մանսուրյանի և Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

  • Կիսվել: