ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համերգ երախտիքի՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին

Համերգ երախտիքի՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը և «Արամ Խաչատրյան» համերգասրահը Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ։
 
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Համերգ երախտիքի» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին, անմահացած և վիրավորում ստացած հերոսներին։ Համերգը երախտիքի և խոնարհման տուրք է հայ զինվորին։ Հանգանակության համար սահմանված են՝ 5000 դրամ, 10000 դրամ, 20000 դրամ 50000 դրամ և 100000 դրամ նվիրաբերության չափերը, հանգանակության մասնակիցներին կտրվեն համապատաասխան անվանական արժեքով երախտիքի հավաստագրեր։ Իսկ համերգի հանդիսատեսը կլինեն մարտական գործողություններին մասնակցած զինվոր ուսանողները։ Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000+)։ Հանգանակությունը սկսվում է դեկտեմբերի 17-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը։
 
Մասնակցում են կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, դասախոսները և ՀԱՖՆ երաժիշտներ։ Ծրագրում ընդգրկված են հայ ժամանակակից կոմպոզիտորների և համաշխարհային դասականների կամերային ստեղծագործություններ (մենանվագներ, դուետներ, տրիոներ):
 
Արցախյան պատերազմից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Բուհի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ (կամավոր և ժամկետային զինծառայողներ) մասնակցեցին մարտերին։ Պատերազմի ընթացքում կոնսերվատորիայի 3 ուսանող արիաբար զոհվեցին ռազմաճակատում, 7-ը ստացան վիրավորում, կան նաև անհայտ կորածներ։

  • Կիսվել: