երեքշաբթի, հուլիս 5
5 / 7 / 2022
Համայնքային գրադարանները կդառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ

Համայնքային գրադարանները կդառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ

Երևանյան գրադարաններում իրականացվող ծրագրերին ու առկա խնդիրներին ծանոթնալու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող մասնաճյուղեր:

Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ու Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ փոխքաղաքապետը շրջել է գրադարաններում, տեղում քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները:
Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղում պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ իրականացված ծրագրերը, իսկ Ջ. Բայրոնի անվան արվեստի, գրականության գրադարան-մասնաճյուղում քննարկվել են մաշված և արդիականությունը կորցրած գրականության դուրսգրման գործընթացը կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու նախաձեռնությունները:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ոլորտի զարգացմանը միտված քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Քաղաքային իշխանության նպատակն է, որ համայնքային գրադարանները հանդես գան ոչ թե իբրև զուտ տեղեկատվական միջնորդ կամ պարզապես գրքերի պահոց, այլ դառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ, ստեղծարար մտահղացումների վայր: Բացի այդ, բարեփոխումների շնորհիվ գրադարաններում կձևավորվի գիտական ու կրթական այնպիսի միջավայր, որտեղ բնակիչներին կմատուցվեն ժամանակակից ծառայություններ և վերջիններս կկարողանան լիարժեքորեն բավարարել մտավոր և մշակութային զարգացման իրենց պահանջմունքները:

 

  • Կիսվել: