հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց Հմայակ Դուրգարյանի անվան լսարանը

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց Հմայակ Դուրգարյանի անվան լսարանը

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում մայիսի 7-ին տեղի ունեցավ հիմնանորոգված լսարանի պաշտոնական բացման արարողություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լսարանը կրում է քոլեջի նախկին շրջանավարտ, անվանի ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր, ՀՀ առաջին կամերային նվագախմբի հիմնադիրներ և մենակատար, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանի անունը:

Լսարանի բացման պատիվը տրվեց անվանի ջութակահարին ու քոլեջի տնօրեն Տիգրան Նորատյանին: Լսարանի հիմնանորոգման առաջարկը տնօրենինն էր: «Որպես քոլեջի տնօրեն, նպատակ ունեի հիմնանորոգել ու ըստ արժանվույն գնահատել այս քոլեջի շրջանավարտ, անվանի երաժիշտ Հմայակ Դուրգարյանին: Հիմնանորոգումը սկսել էինք 2020 թվականին, բայց համավարակի պատճառով լսարանը բացել հնարավոր եղավ միայն հիմա»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց քոլեջի տնօրեն Տիգրան Նորատյանը:

«Ինչ հիմա տեսնում եմ՝ իմ համար հրաշք է: Նման դիմավորում ու նման հիմնանորոգված լսարան չէի սպասում: Ուրախությունս կրկնակի է, քանի որ սա իմ հայրենի քաղաքում ու այն երաժշտական ուսումնարանում է, որտեղ սովորել եմ: Երբեք չեմ մոռանա, թե իմ ուսումնառության տարիներին ինչ դժվար էր այս երաժշտական քոլեջում ընդունվելը՝ թեժ պայքար է: Սա իմ համար մեծ պատիվ է»,-ուրախությամբ նշեց Հմայակ Դուրգարյանը:

Ավելի ուշ Գյումրու Հայորդաց տան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Հմայակ Դուրգարյանի 80 ամյակին նվիրված:

Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942 թվականին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Սովորել է Լենինականի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում և Լենինականի երաժշտական ուսումնարանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1962-1969 թվականներին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար, 1982-1984 թվականներին՝ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատար,1972-1982 թվականներին՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, 1990 թվականին՝ Աստուրիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր։

  • Կիսվել: