հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր տեղերի

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային պատվավոր տեղերի

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 19-րդ մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացած հայաստանյան հրատարակիչների մրցանակաբաշխության արարողությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մրցանակակիրներին հաղթանակի կապակցությամբ և ուրախությամբ փաստել վերջին ժամանակաշրջանում գրահրատարակչության ոլորտում նկատելի առաջընթացը:

«Անկախ բոլոր բարդություններից և դժվարություններից՝ գրահրատարակիչները, բնագավառի մասնագետները և պատասխանատուներն իսկապես կարողանում են ապահովել ոլորտի առաջընթացը, ինչի վառ վկայություններից է այսօրվա մրցանակաբաշխությունը: Գրահրատարակչության ավանդույթը, մշակույթը մեզանում շատ խոր արմատներ ունեն. իրականում դուք շատ ամուր հենքի վրա եք կանգնած, և այդ ուժն ու նախաձեռնողականությունը գալիս են հենց այդ խոր արմատներից»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներին ակտիվ գործունեության, արդյունավետ աշխատանքի համար ու հանձնել մրցանակները:

Հայաստանյան հրատարակիչների ներկայացրած գրքերը 8 անվանակարգում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի, ինչպես նաև գլխավոր մրցանակի։

«Իմ երկիրը» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Պողոս Պողոսյանի «Լեռան հառաչանքը և լճի մրմունջները» հայերեն և անգլերեն հրատարակությունը (Երևան, «Տիգրան Մեծ», 2021 թ.):

«Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան: Մեր ժամանակների լեգենդը» հայերեն և ռուսերեն հրատարակությունը (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021 թ.):

«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):

«Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):

 

«Արվեստի գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» հայերեն և իտալերեն հրատարակությունը (Երևան, «Ակտուալ արվեստ», 2022 թ.):

«Նկարազարդումների արվեստ» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Из древне-армянских легенд и преданий» հրատարակությունը (Երևան, «301 Իմաստության երկիր» հիմնադրամ, «Տիգրան Մեծ», 2022 թ.):

«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում առաջին մրցանակի են արժանացել «Հայաստան-Ռուսաստան բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ օգնություն», «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները», «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» հայերեն և ռուսերեն հրատարակությունները (Երևան, «Նահապետ», 2022 թ.):

Հատուկ մրցանակի է արժանացել Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» հրատարակությունը (Երևան, «Նյու Մեգ», 2020 թ.):

Գլխավոր մրցանակի է արժանացել «Տիգրան Մեծ» հրատարակչության հրատարակած «Դադիվանք» պատկերագիրքը:

2022 թվականի հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին ներկայացված էր 77 հրատարակություն՝ ԱՊՀ 8 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև ԱՊՀ մրցույթը՝ Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հանձնաժողով, որն էլ ընտրել էր մրցույթին ներկայացվող հայաստանյան հրատարակիչների գրքերը։ Այս տարի մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր:

 

  • Կիսվել: