հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գիտական հանրության դատին հանձնվեց «Բագարանի Շուշանավանքը» աշխատությունը

Գիտական հանրության դատին հանձնվեց «Բագարանի Շուշանավանքը» աշխատությունը

«Բագարանի Շուշանավանքը» գիրքը նվիրված է հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից մեկի՝ Բագարանի Սբ. Շուշան վեցխորան եկեղեցու և Շուշանավանքի վանական համալիրի պատմաճարտարապետական և աղբյուրագիտական քննությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 20-ին «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում» կենտրոնում, գիտական աշխատություն է, որտեղ ներկայացվում է Սբ. Շուշան անվան ծագումը, հստակեցվում են հուշարձանախմբի շինարարական փուլերն ու թվագրումը, ճարտարապետական հորինվածքային լուծումները, վիմագրերը:

Այն տպագրվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ-ում Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահների վարչության հրամանատարակազմի աջակցությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

«Շուշանավանքն առաջին անգամ տեսանք նախորդ տարի՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցի ընթացքում: Միանգամից նկատեցինք ժայռաբլրին կիսավեր եկեղեցու գեղեցկությունը, որը վեհ և միայնակ կանգնած է սահմանին, որպես լռակյաց «պահապան»: Ինձ համար անսպասելի էր այդ գեղեցկուհուն հանդիպելը: Հետո կրկին այցելեցինք այնտեղ: Շատերն էին հարցնում եկեղեցու պատմության մասին, թե որերորդ դարում է այն կառուցվել, ինչու է այդպես կոչվում և այլն: Որոշեցինք արխիվային աղբյուրներն ուսումնասիրել, փորձեցինք տեղեկություններ գտնել և հասկացանք, որ ինֆորմացիան չափազանց քիչ է»,-պատմում է «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու հավելեց, որ հավաքված տեղեկություններով անգլերեն և ռուսերեն ցուցանակներ են փակցրել եկեղեցու դիմաց:

Միջնադարյան համալիրի պատմության քիչ հայտնի լինելը մղել է ուսումնասիրել եկեղեցու պատմությունը՝ հետագայում եկեղեցին վերականգնելու համար համախոհներ գտնելու ակնկալիքով: Այդ հարցում նախաձեռնողներին օգնել են նաև հոգևորականները: Նոր, առավել ճշգրիտ նյութեր գտնելուց հետո եկեղեցու դիմաց տեղադրված ցուցանակները փոխարինվել են նորերով:

Կարապետյանի խոսքով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն աշխատությունը գրվել է վեց ամսվա ընթացքում: Հեղինակներն են Գրիգոր Նալբանդյանը, Արսեն Հարությունյանը, Աշոտ Հակոբյանը:

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահների վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիզկին էլ նշում է՝ երբ առաջին անգամ տեսել է հրաշալի վանքը, անբացատրելի հույզեր, ապրումներ է ունեցել: Կարծում է՝ դա պայմանավորված են այն փաստով, որ վանքը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին՝ քարքարոտ բլրի գագաթին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի պատմական Բագարան: «Շուշանավանքն այսօր հայտնվել է երկու պետությունների՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին: Այն պարբերաբար վնասվել է ոչ միայն բնական աղետներից, այլև մարդկային գործելակերպից: Տեղաբնակների վկայությամբ՝ վանքը բազմիցս գնդակոծվել է Թուրքիայի կողմից: Հայաստանում ռուս սահմանապահների առաքելությունը ոչ միայն պետական սահմանների անվտանգության ապահովումն է, այլև սահմանային գոտում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանումը: Վստահեցնում եմ՝ ջանք չի խնայվի պահպանելու քրիստոնեական այս հոյակերտ տաճարը»,-շեշտում է նա:

  • Կիսվել: