կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ Հայաստանի 7-12 դասարանների աշակերտների համար

Գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ Հայաստանի 7-12 դասարանների աշակերտների համար

«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում են փորձել իրենց ուժերը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» և Անտոն Չեխովի «Երջանկություն», «Ուսուցիչ», «Գրիշա» պատմվածքները։

Մրցույթն անցկացվում է 2 փուլով։ 1-ին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է կարդալ առաջարկված 3 տարբերակներից մեկում ներառված  երկու հեղինակների ստեղծագործությունները, թարգմանել հայերենից ռուսերեն և ռուսերենից՝ հայերեն նշված հատվածները և լրացված հայտի հետ մինչև ապրիլի 30-ն ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Մրցույթի 1-ին փուլի արդյունքներով կընտրվեն 22 լավագույն աշխատանքներ՝ ՀՀ յուրաքանչյուր մարզից և Երևանից։ 1-ին փուլի հաղթողները կանցնեն 2-րդ փուլ և կստանան 100000 դրամ մրցանակ։ 1-ին փուլի այն հաղթողները, որոնք չեն մասնակցի 2-րդ փուլին, մրցանակ չեն ստանա։

Մրցույթի 2-ին փուլին մասնակցելու համար 1-ին փուլի հաղթողները պետք է նկարեն կարճ տեսահոլովակ (մինչև 5 րոպե տևողությամբ), որում կպատմեն, թե ինչպես են արել թարգմանությունը և ինչ աղբյուրներից են օգտվել, ինչպես նաև գրեն կարճ պատմվածք (մեկ A4 թերթ)՝ «Ընտրված ստեղծագործության հերոսը 2123 թվականին» թեմայով։ 2-րդ փուլի հաղթողը կստանա 1000000 դրամ մրցանակ կամ կրթաթոշակ Հայաստանի և Ռուսաստանի ցանկացած բուհում սովորելու։ Հաղթողի ուսումնական հաստատությունը կստանա նաև հատուկ մրցանակ (առաջին անհրաժեշտության խնդրի լուծում):

Մրցույթի նպատակն է ազգային գրականության և գրողների հանրահռչակումը, գրական ստեղծագործական արվեստի խթանումը, լեզվաբանության և բանասիրության բնագավառում տաղանդավոր և շնորհալի աշակերտների բացահայտումը, գրավոր թարգմանության ոլորտում դպրոցականների ստեղծագործական կարողությունների և դրանց գործնական հմտությունների զարգացումը, միջմշակութային հաղորդակցության խթանումը։

Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

  • Կիսվել: