ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գանձայում տեղի է ունեցել Վ. Տերյանի տուն-թանգարանի արդիականացված ցուցասրահի բացումը

Գանձայում տեղի է ունեցել Վ. Տերյանի տուն-թանգարանի արդիականացված ցուցասրահի բացումը

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տեղի է ունեցել հայ մեծանուն քնարերգու Վահան Տերյանի տուն-թանգարանի արդիականացված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը:

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Գանձայում, Տերյանական օրերի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ «Ջավաքին աջակցություն» հիմնադրամը հայտարարել է, որ ստանձնում է պոետի տուն-թանգարանի նորոգման աշխատանքների կատարումը: ՋԱՀ-ի նախաձեռնությանը միացել ու աջակցել են բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ.
 
Դիզայներական ժամանակակից լուծումներով, եռաշերտ ցուցասրահի բացմանը ներկա  են եղել բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու Վրաստանից, գրականագետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, երգիչներ և պարզապես Վահան Տերյանի ստեղծագործությունների սիրահարներ:
 
Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի ճարտարապետներն են Հովհաննես Մութաֆյանն ու Շահանե Գևորգյանը, իսկ ցուցասրահի արտաքին և ներքին ձևավորման կոնցեպտի հեղինակները գրականագետ Անի Եղիազարյանն ու նկարիչ Մկրտիչ Մաթևոսյանն են:
 
Նշենք, որ Վահան Տերյանի տուն-թանգարանը գործում է 1957 թվականից, սակայն մինչ այս որևէ լուրջ վերանորոգման չէր ենթարկվել: Եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:
 
Թանգարանի համալիրի մեջ է մտնում Սուրբ Կարապետ եկեղեցին, որը 1852 թվականին կառուցել է Տերյանի պապը՝ տեր Գրիգորը։
 
 
 
 
 
 

  • Կիսվել: