ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գանձա գյուղում նշվել է «Տերյանական պոեզիայի օր» տոնը

Գանձա գյուղում նշվել է «Տերյանական պոեզիայի օր» տոնը

Երեկ՝ հուլիսի 24-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում, 55-րդ անգամ, նշվեց «Տերյանական պոեզիայի օրը»։ Համավարակի հետ կապված երկամյա ընդմիջումից հետո տոնը նշվեց առաջին անգամ, գրում է jnews.ge-ն:

Գանձա գյուղը մարդաշատ էր, նշվեց հայ մեծ քնարերգու, բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված տոնը։ Մինչ համերգային մասի մեկնարկը հյուրերն այցելեցին հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։

Տոնը նշվեց գյուղից ոչ հեռու՝ դաշտում, որտեղ մոնտաժվել էր բեմը։

Ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալքալաք-Նինոծմինդա շրջանից մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, համամասնական պատգամավոր Սեյրան Կյուրեղյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տեղական ղեկավարությունը։ Թբիլիսիից տոնին մասնակցելու էին եկել «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն ու այլ հյուրեր։

Միջոցառումը բացեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Նա ողջունեց բոլորին, մաղթեց հաճելի օր ու լավ տրամադրություն։

Ներկաների առջև ելույթ ունենալիս Շիրակ Թորոսյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների սերտ համագործակցությամբ, ինչպես նաև իր, Սամել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի մասնակցությամբ լուծվել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման հարցը: Նրա խոսքով, իրենք կարողացել են ժամանակին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին թեստերով ապահովել, ինչի արդյունքում ուսուցիչներն արդեն ատեստավորում են անցնում։

Շարունակելով խոսքը՝ նա ասաց հետեւյալը.

«Հարգելի բարեկամներ, ուրախությամբ պետք է նշեմ, որ Ախալքալաքի շրջանում ազգությամբ վրացի բարձրաստիճան պաշտոնյաները լավ շփվում են հայերենով, իսկ մենք կարո՞ղ ենք շփվել պետական լեզվով, վստահ եմ՝ ոչ բոլորս, որպեսզի կարողանանք լիարժեք ինտեգրվել Վրաստանի պետությանն և հանրությանը, մեզ անհրաժեշտ է տիրապետել վրացերենին: Հարգելի ընկերներ, սիրելի բարեկամներ երբեք չթուլացնելով հայերենը, ոչ հայերենի հաշվին, պետք է մեծ ջանքեր գործադրենք վրաց լեզուն սովորելու համար: Տերյանը ժամանակին ուսումնասիրել և թարգմանել է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» պոեմը: Եթե մենք Տերյանի ժառանգորդներն ենք, պետք է այնպես անենք, որ շրջանում միայն երկու լեզու լինի՝ հայերեն ու վրացերեն, երբեք թույլ չտանք, որ մեր տարածաշրջանում ապրի երրորդ ազգը կամ հնչի երրորդ լեզուն։ Սա Վրաստանի և Հայաստանի պետական անվտանգության հրամայականն է»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

Ներկաներին ողջունեցին Վան Բայբուրթը, տերյանագետ, գրականագետ Առուշան Հակոբյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը և այլք։

Ելույթ ունենալով, Սամվել Մկոյանը շնորհակալություն հայտնեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությանը և նշեց, որ ցուցասրահի վերանորոգումն ավարտվել է, սակայն Վահան Տերյանի տուն-թանգարանում աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ուղղակի ավարտվել է առաջին փուլը, այժմ աշխատում են բանաստեղծի տուն-թանգարանի վերականգնման վրա։

Ելույթներին հաջորդում էին համերգային համարները և Վահան Տերյանի բանաստեղծությունների ընթերցումները։

Ելույթ ունեցան Նինոծմինդայի Մշակույթի տան «Փարվանա», Գանձա գյուղի «Գանձեր» համույթները, ինչպես նաև անհատ կատարողներ։

  • Կիսվել: