Ֆինանսավորման է երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որը կիրականացվի 2026 թվականին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ: Մասնավորապես, կֆինանսավորվեն հետևյալ միջոցառումները՝
- «Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ» 12-րդ միջազգային գիտաժողով.
- Ավանդական երաժշտության ու պարի ավանդույթների միջազգային խորհրդի (ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիում.
- Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն.
- Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով.
- «Միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցական կապ և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողով.
- «Ճարտարապետական ժառանգություն և արդի ճարտարապետություն» միջազգային գիտաժողով (ICAHCA-2026).
- «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն-2026» միջազգային գիտաժողով (ICCEE-2026).
- «Պոպուլյացիոն գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված պոպուլյացիաների շրջանում. գլոբալ առողջապահական հավասարության խթանում» միջազգային աշխատաժողով:
Երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը լրացվել է հետևյալ նախաձեռնություններով՝
- «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբար.
- «Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունները» 2-րդ միջազգային քոլեջ.
- Տունը որպես տեքստ. ճարտարապետական և մարդաբանական հետազոտությունների միջազգային ամառային դպրոց-2026.
- Երիտասարդական միջազգային աշնանային 7-րդ դպրոց «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ»:
Ավելի վաղ՝ 2026 թվականի համար, ֆինանսավորման էր երաշխավորվել 13 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 7 դպրոց:
«Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ ՀՀ 2026 թ․ և նախորդ տարիների պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը հնարավոր է տեսնել այստեղ:



