ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եզակի ցուցանմուշներ՝ Ավետիք Իսահակյանի Գյումրիի հուշատուն-թանգարանում

Եզակի ցուցանմուշներ՝ Ավետիք Իսահակյանի Գյումրիի հուշատուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում է մինչ այժմ գրականության մեջ անհայտ համարվող Շուշանիկ Մատակյանի նամակը՝ Ավետիք Իսահակյանին. այն Ավիկ Իսահակյանի անգնահատելի նվերն է իր հարազատ քաղաքի թանգարանին: Առիթը գրողի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում նոր ցուցադրության բացումն է, որտեղ գրողի կյանքը, պոեզիան և հասարակական գործունեությունը ներկայացված են նոր տեսանկյունից, մշակված է նոր կոնցեպտ, ներդրված են նորարարական լուծումներ:

 

 

Առաջին նգամ թանգարանում ցուցադրվում են նաեւ Արշակ Չոպանյանի, Գարեգին Լևոնյանի, Զապել Եսայանի, Հովհաննես Շիրազի հետ Ավետիք Իսահակյանի ձեռագիր նամակագրությունը։   

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ՝  «Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասադրության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ, մեծ ուշադրություն է դարձվել թանգարանում միջավայրի եւ ժամանակաշրջանի արտացոլմանը։ Մասնագիտական խմբում աշխատել են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ, ստեղծագործական խումբը մշտական կապի մեջ է եղել Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի հետ:

Թանգարանի նոր ցուցասրահում նաեւ աուդիո-վիդեո եզակի նյութեր են, առկա է կենսագրական պատ՝ ժամանակակից լուծումներով, ստեղծված է կրթական ծրագրերի իրականացման համար հարմարավետ միջավայր։

Այստեղ կարելի է գտնել նաեւ բանաստեղծի պոեզիայի թարգմանությունների ձայնագրություններ՝ ընթերցված լեզվակիրների կողմից, ինչպես նաեւ լսել Վարպետի ձայնը։

Նախաձեռնության հեղինակներն ու ծրագիրն իրականացնողները վստահ են՝ նոր ցուցասրահը շեշտակի ավելացնելու է թանգարանի այցելուների թիվը։

  • Կիսվել: