կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկխոսություն՝ գեղանկարչության ու երաժշտության միջև. Դանիել Դանիելյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանին և Ռուբեն Մլքեյանին

Երկխոսություն՝ գեղանկարչության ու երաժշտության միջև. Դանիել Դանիելյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանին և Ռուբեն Մլքեյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մլքեյանի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել «Հակոբ Հակոբյան 100. Հոգու հայելի» ցուցադրության շրջանակում. ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ցուցասրահներում, ծանոթացել նմուշներին: Տիգրան Մանսուրյանը կիսվել է Հակոբ Հակոբյանի մասին հուշերով, պատմել է Արտավազդ Փելեշյանի նկարի ստեղծման պատմության, Ժանսեմի հետ մտերմության մասին:

«Հակոբ Հակոբյանի յուրաքանչյուր կտավ բարոյականության դաս է իր մաքրությամբ»,- ասել է մաեստրոն անվանի գեղանկարչին բնորոշելիս:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել մեծանուն արվեստագետներին հանդիպման համար և շեշտել նրանց լսելու, ոլորտի խնդիրները միասին արձանագրելու և լուծումներ փնտրելու կարևորությունը:

«Մեզ համար կարևոր է ավագ սերնդի փորձառությունն ու ստեղծած արժեքները կամրջել երիտասարդների՝ մեր ժամանակներում ստեղծվող նորարար գաղափարներին: Այն ազգը, որը մոռանում է անցյալը, չի կարող կառուցել իր ներկան: Դուք ձեր անցած ճանապարհով, արժեքաբանությամբ ստեղծել եք այն ամուր հողը, որի վրա մեր երիտասարդները պետք է զարգացնեն իրենց ներուժը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ դիմելով երաժշտարվեստի երախտավորներին:

Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ, որոնք դեռ լսարան չունեն, և պետք է ամեն կերպ խրախուսել նրանց: «Այս սերունդը հոգատարության կարիք ունի»,- ասել է Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն նաև տեղեկացրել է, որ միջնադարյան տաղերգու Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա երաժշտական շարք է գրել, որը կրում է «Հայրեններ՝ սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» խորագիրը: Շարքը դեռևս չի ձայնագրվել:

Ոգեշնչվելով Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից՝ քննարկվել է գեղանկարչության և երաժշտության միջև երկխոսություն ստեղծելու և երիտասարդ կատարողներին ներգրավելու գաղափարը. Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր սրահներում երիտասարդ կոմպոզիտորների հետ համագործակցաբար հնչեցնել թե՛ Մանսուրյանի հայրենների շարքը, թե՛ նրանց ստեղծագործությունները:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մլքեյանը ներկայացրել է երգչախմբի գործունեության մանրամասները, առկա խնդիրները, ձեռք բերած հաջողությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է նաև ոլորտում մեկենասության մշակույթի ներդրման կարևորությունը՝ արվեստի հանրահռչակման, պետության հետ այս ուղղությամբ համագործակցության տեսանկյունից:

Հանդիպմանը քննարկվել են նաև առաջիկա անելիքներին, համերգային ծրագրերին, ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: