կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանում կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ» ցուցահանդեսը

Երևանում կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ» ցուցահանդեսը

2023 թվականի մայիսի 2-ին, ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Սերգեյ Ռախմանինով. ես ռուս կոմպոզիտոր եմ…» ցուցահանդեսը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։

Ցուցադրությունը ստեղծվել է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի մասնակցությամբ, որի հետ Տուն-թանգարանը դեռ 2013 թվականին ստորագրել է համագործակցության պայմանագիր և պատմում է Ռախմանինովի մասին՝ որպես կոմպոզիտորի, դաշնակահարի և դիրիժորի։

Ցուցահանդեսում ներկայացվելու են Ռախմանինովի արխիվից հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, նրա ընտանիքի ծագումնաբանական ծառը և ստեղծագործությունների ձեռագրերը: Ներկայացվելու է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան լսել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ։

«Մենք պատրաստել ենք ժամանակագրություն, որտեղ ցույց է տրվում, թե ինչ և որ թվականին է նա ստեղծել։ Ցուցահանդեսը պարզապես բացատրում է, թե ինչու է Ռախմանինովը ռուս կոմպոզիտոր, ինչը նա էր մատնանշում», - ասում է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալովը։

Հոբելյանական ցուցահանդեսի բացման օրը Տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունների համերգը՝ Խաչատրյանի անվան տրիոյի, Ռուբեն Կոզինի (դաշնամուր), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր), Ելենա Վարդազարյանի (դաշնամուր) մասնակցությամբ։

Որպես հանդիսավոր միջոցառումների շարունակություն, մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» կլոր սեղանը, որին կմասնակցի Երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Մ.Ա. Բրիզգալովը, Ինստիտուտի տնօրեն  Ա.Գ. Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն  Ա.Ռ. Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ (կլոր սեղանը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Հասցե՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ)։ Կլոր սեղանի ավարտին նախատեսվում է ստորագրել Համագործակցության հուշագիր Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի և Արվեստի ինստիտուտի միջև։

Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երևանում անցկացվում են ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աջակցությամբ և հովանավորությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: