Երևանում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի ցուցահանդեսը (լուսանկարներ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված նկարիչ Գոռ Հակոբյանի ստեղծագործություններում վառ արտահայտված է սերը հայրենի լեռների, ընկերների, նվիրումն ընտանիքի և կանանց հանդեպ:
Գոռը նկարել է վաղ հասակից. մայրը նկատել է որդու տաղանդն ու սատարել նրան: Արդյունքում Գոռ Հակոբյանը պրոֆեսիոնալ նկարիչ է դարձել՝ ստեղծելով բազում հետաքրքիր և ինքնատիպ գործեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկարչի՝ կյանքի տարբեր շրջաններում արված կտավները ներկայացված են Նկարիչների միության երրորդ հարկի ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 12-ին:
Գոռ Հակոբյանի մայրը՝ Ալիսա Խասիկյանը, պատմում է՝ Գոռը սկսել է նկարել երեք տարեկանից: «Նա նկարում էր ամենուր: Գրեթե չէր խոսում. նկարում էր: Ակնհայտ էր, որ տաղանդավոր երեխա է, դպրոցում նույնպես փայլում էր: Գոռին «փոքրիկ գիտունիկ» էին անվանում: Նա 5-րդ դասարան էր, երբ Վանաձորից ուսուցիչ եկավ մեր դպրոց, նկատեց, որ Գոռը շնորհաշատ է և սկսեց աշխատել նրա հետ: Դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժին, որը գերազանց ավարտեց, այնուհետև զորակոչվեց բանակ, որտեղ շարունակում էր նկարել: Նկարներ է նվիրել իր ծառայակից բոլոր ընկերներին: Այսքան տարի անց՝ որդուս մահվանից հետո, նրա ընկերներն ինձ նկարներ են ուղարկում որպես հիշատակ, որպես սրբություն»,-նշում է նա:
Մոր խոսքով՝ Գոռը նկարելու ձիրքը ժառանգել է հորից, որը նույնպես լավ էր նկարում, փորագրում:
«Ինձ համար շատ դժվար է խոսել. տաղանդավոր որդիս գնաց հանուն հայրենիքի: Երազկոտ էր, գունեղ, բայց միշտ տխուր: Նա առաջնորդվում էր Գարեգին Նժդեհի խոսքերով, սիրում էր Սևակի պոեզիան»,-ընդգծում է Ալիսա Խասիկյանը:
Գոռի եղբոր՝ Գևորգի ծառայակից ընկերը՝ Սարգիսը, որը հասցրել էր մտերմանալ նաև Գոռի հետ, շեշտում է, որ հեշտ են բարեկամացել, քանի որ Գոռը մարդկային բարձր որակներ և արժեքներ ուներ: «Նա իր աշխարհն ուներ: Գոռի հետ մեկ ժամ հաղորդակցվելը հավասար էր հոգեբանի հետ մեկ ժամ սենանս անցնելուն, որովհետև բնության մարդ էր, պարզ և կարողանում էր մշտապես ճիշտ խորհուրդներ տալ, դրականը փոխանցել: Աչքի էր ընկնում հատկապես համեստությամբ»,-նշում է Սարգիսը:
Քսանութամյա Գոռ Հակոբյանը պայմանագրային զինծառայող է եղել, սակայն սեփական կամքով է խնդրել, որ իրեն հնարավորություն տան մասնակցելու ռազմական գործողություններին: Պատերազմ մեկնելուց առաջ ընթերցել է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն ու մորը խնդրել այն լավ պահել: Ալիսա Խասիկյանը վստահ է եղել, որ որդին ողջ և առողջ կվերադառնա, սակայն Գոռը մտածված մահվան է գնացել՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը:


