երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի Պիոներիայի նախկին պալատը նշում է հիմնադրման 100-ամյակը

Երևանի Պիոներիայի նախկին պալատը նշում է հիմնադրման 100-ամյակը

Երևանի առաջին մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը: Պիոներիայի նախկին պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Կրթական հաստատության հոբելյանական միջոցառմանը մասնակցել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ կենտրոնը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր կրթել ու կրթվել են Առաջին մանկապատանեկանում՝ դառնալով մեծ ընտանիքի մի մասնիկը:

Հյուրերը հնարավորություն են ունեցել մասնակցելու նաև «Հնի և նորի խաչմերուկում» ֆոտոնախագծի ցուցահանդեսին։ «Կողք կողքի» ներառական նախագծի շնորհանդեսով էլ Առաջին մանկապատանեկանը, կառուցվածքային նոր մեթոդաբանությամբ, սկիզբ է դրել մի ծրագրի, որի շնորհիվ զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները, հատուկ մշակված խմբային եղանակով, կներառվեն կենտրոնում գործող այն խմբերում, որոնց ղեկավարները հաջողությամբ կավարտեն վերապատրաստման մոդուլային ծրագիրը:

 

  • Կիսվել: