երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երաժշտության և գինու միջև...

Երաժշտության և գինու միջև...

Գինու միջոցով Հայաստանի մասին պատմելու գաղափարն առաջացել է երաժիշտ Սոնա Շաբոյանի մոտ, ով տարիներ շարունակ թե՛ երաժշտության, թե՛ գինու միջոցով է խոսում Հայաստանի մասին:

Սոնա Շաբոյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո մեկ տարի սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և տետափոխվել Շվեյցարիա։ Երաժշտական կրթությունը որոշել է շարունակել Գերմանիայի կոնսերվատորիայում՝ ավարտելով ասպիրանտուրան: Հետո տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ նախ երաժշտական գործունեություն է ծավալել՝ հանդես գալով համերգներով, թողարկելով ձայնասկավառակ: Մոտ ութ տարի առաջ հիմնադրել է Heres մշակութային հիմնադրամը, որից հետո նաև Heres wine-ը։

«Heres մշակութային հիմնադրամի իմաստն այն էր, որ կամուրջ անենանք Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթի միջև: Լավ տեմպով սկսել էինք, բավական հետաքրքիր արտիստներ Հայաստանից գալիս էին Շվեյցարիա ելույթների, արվեցին մի քանի համերգներ այնտեղի երգիչների հետ: Մշակույթը որոշեցի համադրել անուշաբույր գինիների հետ եւ ստեղծեցի Heres wine-ը: Ես հասկացա, որ Հայաստանում շատ հետաքրքիր գինու տեսակներ ունենք, որը կարող է հետաքրքիր լինել թե՜ շվեցարացուն, թե մյուս ազգերին: Գինին, ինչպես երաժշտությունը, միջոց է պատմելու քո երկրի մասին: Մի բան է, երբ դու ուշադրությունն աշխարհի գրավում ես լուրջ ու խնդրահարույց թեմաներով, մեկ այլ բան է, երբ հաճելի ալիքի վրա՝ գինով ու երաժշտությամբ ես պատմում քո երկրի մասին, որտեղ կան հիմա խնդիրներ: Գերնպատակը Հայաստանի ճանաչողականությունն է»,-նշում է Սոնա Շաբոյանը։

HERES անվանումը պատահական չէ ընտրված, լատիներենից թարգմանաբար նշանակում է ժառանգություն, իսկ թե՜ երաժշտությունը, թե՜ գինին մտնում են հայկական ժառանգության մեջ, որը Սոնա Շաբոյանն այսօր ուզում է ցույց տալ Շվեյցարիայում:

Այս տարի մարտի 30-ից ապրիլի 6-ը Ցյուրիխում լինելու է գարնանային գինու մեծ փառատոն՝ Expovina Primavera- ն, որտեղ Հայաստանը եւս ներկայացված է տարբեր ընկերություններով :
2022 թվականի նոյեմբերին Ցյուրիխում կայացավ աշխարհում մեծ համբավ ունեցող գինու Էքսպովինան, որը տասներկու նավերի վրա էր: Այն 67-րդ անգամ էր անցկացվում, եւ Հայաստանը հրավիրված էր որպես հյուր-երկիր, ուներ իր նավը, որի վրա ներկայացված էին տարբեր հայկական գինեգործների գինիները, ինչպես նաեւ Հայաստանի մասին գրքեր: Այդ օրերին Ցյուրիխում հանրային տրանսպորտի բոլոր միջոցների վրա, հանրային վայրերում, գովազդային վահանակներին եղել է նաեւ Հայաստանի դրոշը:

  • Կիսվել: