կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները Մատենադարանում ծանոթացան գրքերի ու ցուցանմուշների պահման պայմաններին

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները Մատենադարանում ծանոթացան գրքերի ու ցուցանմուշների պահման պայմաններին

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի  մասնակիցները հուլիսի 15-ին հյուրընկալվեցին Մատենադարանում:

 Մատենադարանի ավագ վերականգնող, կենսաբան Արմինե Պարոնիկյանը ներկայացրեց, թե ինչպես են հին ձեռագրերի տանը պահպանվում գրքերն ու ցուցանմուշները:

Նրա խոսքով`վերականգնողական բաժին գալուց առաջ գրքերը գնահատվում են ըստ ֆիզիկական վիճակի, որից հետո  կենսավնասված գրքերը տեղափոխվում են կենսաբանական լաբորատորիա:

«Այնտեղ կատարվում է գրքերի սնկաբանական ուսումնասիրություն, ապա՝ գրքերի մեխանիկական մաքրում, հետագայում գիրքը դրվում է ախտահանման պահարան, իսկ այն գրքերը , որոնց վրա առավել տեսանելի են սնկերը, թերթ առ թերթ ենթարկվում են բուժման»,-ասաց նա:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի  մասնակիցները ծանոթացան նաև Մատենադարանի պատմությանը,  շրջեցին  կենտրոնական ցուցասրահում:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից:

Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված փակման արարողության ընթացքում:

Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:

 

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից մինչև օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ:

Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

  • Կիսվել: