կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էջմիածնում կայացավ Չինաստանի մշակույթին նվիրված միջոցառում

Էջմիածնում կայացավ Չինաստանի մշակույթին նվիրված միջոցառում

Էջմիածին քաղաքում առաջին անգամ կայացավ Չինաստանի մշակույթին նվիրված միջոցառում։ Այն տեղի ունեցավ ապրիլի 12-ին՝ Վաղարշապատի համայնքապետարանում։

Հայաստանում Չինաստանի դեսպանատան եւ Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվեցին չինական ազգային երաժշտական գործիքները, խոհանոցը, վայելչագրությունը (կալիգրաֆիա)։ Կարճ տեսաֆիլմերի միջոցով անդրադարձ կատարվեց Չինաստանի տեսարժան վայրերին, քաղաքականությանը, տարիների ձեռքբերումներին:

340988474_259325609848862_4439079883160765772_n.jpg (410 KB)

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կարեւորեց Չինաստանի հետ համագործակցությունը՝ նկատելով, որ չինական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում տարեցտարի մեծանում է․

«Կարծում եմ՝ այսօրինակ միջոցառումը շատ լավ սկիզբ կլինի Չինաստանը ճանաչելու համար՝ մշակույթը, լեզուն, քաղաքականությունը: Վաղարշապատ համայնքը եւ, հատկապես, Էջմիածին քաղաքը շատ կարեւորում են միջազգային կազմակերպությունների եւ տարբեր երկրների հետ համագործակցությունների հաստատումը, եւ Չնաստանի հետ սկսած մեր նոր համագործակցությունը մեզ համար շատ կարեւոր է»,- իր խոսքում նշեց նա։

340128126_890854558658979_7467126998430900103_n.jpg (356 KB)

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։ Նա ընդգծեց, որ տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զգալիորեն ամրապնդվում եւ զարգանում են․

«Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ մեր երկրների ավանդական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները պահպանել են կայուն զարգացում: Մշտապես ամրապնդվել է քաղաքական վստահությունը, տարբեր ոլորտներում զարգացել են գործնական համագործակցությունները՝առեւտրատնտեսական, մշակութային․․․ Միջազգային հարթակներում միմյանց կարեւորագույն շահերի փոխադարձ աջակցությունը երբեք չի հանգեցրել միմյանց շահերի ոտնահարման: Այս ամենը վկայում է այն մասին, որ երկկողմ համագործակցության մակարդակը մշտապես բարձրանում է, եւ ապագայում երկու երկրների միջեւ համագործակցությունն էլ ավելի կսերտանա»,- հավելեց նա։

339851073_182754451241491_91968765924167161_n.jpg (314 KB)

Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը նշում է, որ Հայաստանում չինարենի հանդեպ հետաքրքրությունը ոչ միայն ավելանում է, այլեւ առիթ հանդիսանում, որ հայ երիտասարդներից շատերը ուսումնասիրեն ու սովորեն այդ լեզուն։ Նրա խոսքով՝ այդ աճը նկատվում է ոչ միայն Երեւանում, այլեւ տարբեր մարզերում։ Այդ պատճառով էլ նա կարեւորում է նմանօրինակ միջոցառումների պարբերական անցկացումը նաեւ Երեւանից դուրս․

«Միջոցառման նպատակը Էջմիածնում Չինաստանի մշակույթը ներկայացնելն է: Այն ինչ ունենք, իհարկե, տեղի է ունենում հարաբերությունների զարգացման համատեքստում: Հարկ է նշել, որ չին-հայկական հարաբերությունները գնալով զարգանում են, կան բարիդրացիական հարաբերություններ, եւ Հայաստանում չինարենն ու չինական մշակույթը շատ արագ տարածվում են»:

339795302_141765428857673_4397062365766285924_n.jpg (554 KB)

Միջոցառմանը, որին ներկա էին հիմնականում երիտասարդ եւ պատանի ունկնդիրներ, ելույթներով հանդես եկան Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսուցիչներն ու ներկայացուցիչները՝ կատարելով չինական մշակույթին հատուկ գործեր։ Հնչեց նաեւ Կոմիտասի «Կաքավիկը», որը, հատկապես, բուռն արձագանքի արժանացավ։

340039313_1554931401656737_3316390966634611640_n.jpg (433 KB)

341011551_597581725637126_6171481647051885478_n.jpg (620 KB)

  • Կիսվել: