հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էդվարդ Միլիտոնյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած մտավորականների հասցեին հնչող քննադատություններին

Էդվարդ Միլիտոնյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած մտավորականների հասցեին հնչող քննադատություններին

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հանդիպմանը մշակույթի և արվեստի մի խումբ  գործիչների հետ, որին նաև ինքն է մասնակցել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Միլիտոնյանն ընդգծեց, որ նախապես հստակեցված չի եղել, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու հանդիպումը: Նա նշում է, որ դա միջոցառում չի եղել, այլ անհատական հրավեր՝ մի քանի արվեստագետների: Նախագահի պաշտոնակատարը հետաքրքրվել է գրական հարցերով, խնդիրներով:
 

Միլիտոնյանը նշեց, որ բարձրաձայնել է հրատարակչական գործին առնչվող խնդիրներ։ «Ասել եմ, որ խնդիր ունենք գիրք հրատարակելու հետ կապված, եւ արդեն 5-6 տարի է այդ իրավիճակն է: Խոսվեցին նաեւ մշակութային այլ ոլորտի խնդիրներից՝ հեռուստատեսություն, ռադիո եւ այլն: Կարեւորվեց մեր մտավորականության կարծիքը եւ տեսակետները տարածելու, հանրությանը լսելի դարձնելու հարցը։ Սա է եղել մեր հիմնական զրույցը»,-ասաց  ՀԳՄ  նախագահը

Անդրադառնալով հանդիպման շուրջ հնչող հանրային կարծիքին եւ քննադատություններին՝ Միլիտոնյանն ասաց, որ չէր կարող մերժել Ալեն Սիմոնյանի առաջարկը, քանի որ ինքը ստեղծագործական միության նախագահ է ու պարտավոր է բարձրաձայնել այնտեղ տիրող խնդիրների մասին։

«Ես ստեղծագործական միության նախագահ եմ եւ գրող, պիտի ասե՞ի՝ ոչ, չեմ գալիս: Իմ այդ քայլով օգու՞տ պիտի տամ մեր միությանը: Հարցեր եւ խնդիրներ եմ այնտեղ քննարկել եւ կարծում եմ, որ որոշակի առումով այդ խնդիրները հետագայում դրական լուծում կստանան:

Միլիտոնյանն ասաց, որ հանդիպման շրջանակներում առաջարկել է, որ բյուջետային քննարկումների ժամանակ գրողներին առնչվող հարցերը քննարկվեն, մասնավորապես խոսվի ժամանակակից գրականության աջակցության ծրագրերը:

«Ինքս այդ հարցերը տարբեր վայրերում՝ ԿԳՄՍՆ-ում, այլ պետական մարմիններում գնում եւ բարձրաձայնում եմ: Ի՞նչ անեի՝ չգնայի: Ի՞նչ են առաջարկում: Որեւէ պետական կառույցի հետ մենք պիտի աշխատենք, թե ոչ: Այնպիսի հարցեր կան, որոնք այսրոպեական են, հասունացած վիճակում են: Այս հարցում մեր ճանաչված արվեստագետների կարծիքները պիտի հաշվի առնել։ Պաշտոնական քննարկման թեմա չի եղել, ուղղակի զրույց էր սեղանի շուրջ։ Ստեղծագործական միության հարցեր պիտի ներկայացնեմ, եւ սա լավ առիթ էր, որպեսզի անեմ դա։ Շատերն ասում են՝ պետական կառույցների հետ պիտի չաշխատենք, բա ու՞մ հետ աշխատենք»,-ընդգծեց ՀԳՄ նախագահը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը խոստացել է դիտարկել բարձրացված բոլոր հարցերը։

  • Կիսվել: