ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դիարբեքիրի հայ բողոքական եկեղեցին վերածվում է գրադարանի. եկեղեցու հոգևոր առաջնորդը վրդովված է

Դիարբեքիրի հայ բողոքական եկեղեցին վերածվում է գրադարանի. եկեղեցու հոգևոր առաջնորդը վրդովված է

Դիարբեքիրի հայ բողոքական եկեղեցու տարածքը, որպես գրադարան, վարձակալվել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Թուրքիայի հայ բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Գեդիքփաշայի բողոքական եկեղեցու հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբալօղլուն տեսագրության միջոցով իր վրդովմունքն է արտահայտել այդ փաստի վերաբերյալ՝ նշելով․ «Ոչ թե նզովքի, այլ աղոթքի արժանացեք»։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Դիքեն» լրատվակայքը։

Աղբյուրի համաձայն՝ Գրիգոր Աղաբալօղլուն նաև հայտնել է․ «Մեզ համար դա մի խորը վերք է, որ մեծ նեղություն է տալիս մեզ։ Վշտացած ենք։ Քանզի մեր պետությունը պետք է մտածեր դրա մասին։ Ես, որպես բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ, նախկինում էլ էի պահանջել, որ այդ վայրը մեզ տրվի։ Պատկերացնո՞ւմ եք։ Մի եկեղեցի կա, մի համայնք։ Սակայն եկեղեցին համայնքին չի հանձնվում, հարմար չեն գտնում, որ այն որպես եկեղեցի գործի։ Այդ հանգամանքը ոչ կրոնական, ոչ էլ բարոյական առումներով տեղին չէ։ Դատապարտում ենք այդ քայլը։ Պահանջել ենք, որ այդ վայրը տրվի մեր համայնքին։ Համառում ենք մեր պահանջում։ Այն պետք է մեզ հետ վերադարձվի»։

Թուրքիայի հայ բողոքական համայնքի առաջնորդը նաև հավելել է․ «1983 թ․, երբ պայմանները բարենպաստ չէին, և ահաբեկչական գործողությունների թիվը մեծ էր, եկեղեցու իրավասուները բարի մտադրությամբ այն հանձնեցին պետությանը՝ ասելով․ «Մենք չենք կարողանալու պաշտպանել մեր գույքը, դուք պահպանեք»։ Մի՞թե նրանք սխալ են արել դրանով։ Այժմ պետությունն ասում է․ «Քանի որ եկեղեցին մեզ է տրվել, այն մերն է» և ցանկանում է մեզ վարձով տալ եկեղեցու տարածքը կամ այլ նպատակներով օգտագործել այն։ Ամենաբարոյական քայլը կլինի նման որոշումներից հրաժարվելն ու այդ գույքը համայնքին հետ վերադարձնելը։ Քանզի այդ վայրը հիմնադրամի ունեցվածքն է։ Ոչ թե նզովքի, այլ աղոթքի արժանացեք և հիմնադրամի գույքը տերերին տվեք, որպեսզի նրանք էլ իրենց կրոնական պարտականությունները կատարեն այնտեղ։ Մենք դրա համար մեր հնարավորությունների սահմաններում իրավական պայքար էլ ենք մղելու»։

 

  • Կիսվել: