ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը

Բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը:

Այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկական ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում:

Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով ստեղծագործությունները, նաև՝ քոչարական սեղմումով գործերի մոտիվներով իրականացված յուրօրինակ լուսային ինստալյացիաներ, որոնք նորարարական եղանակներով և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ առավել ակնառու են ներկայացնում արվեստագետի մտահղացումները:

Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Քոչարի թանգարան, դիտել նոր բացված ցուցադրությունը և տնօրեն Կարինե Քոչարի ուղեկցությամբ շրջայց կատարել թանգարանում: Նախարարի տեղակալը տնօրենի հետ քննարկել են թանգարանի առաջիկա անելիքները, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:

Նշենք, որ «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը նվիրված է Քոչարի ծննդյան 122-ամյակին:

Այս յուրահատուկ բեմադրություն-ցուցադրության համակարգողը և ինստալյացիաների հեղինակն է Աշոտ Մարաբյանը: Ցուցադրությունն ուղեկցվում է անիմացիաներով (հեղինակ՝ Նարեկ Նազարյան), տեսաֆիլմերով և երաժշտությամբ:

 

  • Կիսվել: