հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս որոշման իրագործումը կբերի հերթական մշակութային կորստի` մեր թատերական կյանքում. Վարդան Պետրոսյան

Այս որոշման իրագործումը կբերի հերթական մշակութային կորստի` մեր թատերական կյանքում. Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում «Հույժ անձնական կարծիք» վերտառությամբ գրառում է արել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի կողմից թատրոնների նկատմամբ օպտիմալացման քաղաքականություն վարելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մշակույթի նախարարությունը, կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍ ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո, որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ։

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ ։ Արդյունքում, մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն: Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ։

Այս որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի` մեր թատերական կյանքում։

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը` հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»:

Ավելի վաղ հայտնել էին, որ ԿԳՄՍՆ-ն նախատեսում է միավորել Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները:

  • Կիսվել: