երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Այդքան խոսում են «պատմության» դասագրքի մասին. ո՞ւր են իրենց գրած գրքերը. նրանցից ոչ մեկը գիրք չի գրել. ԿԳՄՍ նախարար

Այդքան խոսում են «պատմության» դասագրքի մասին. ո՞ւր են իրենց գրած գրքերը. նրանցից ոչ մեկը գիրք չի գրել. ԿԳՄՍ նախարար

Մեր արդեն նոր կայացած մրցույթները ցույց են տալիս, որ իրականում մենք տարբեր ուղղություններով շատ լավ որակի դասագրքեր ենք ստանում, բավականին մեծ մրցակցություն կա: Այս մասին, այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ կան ուղղություններ, որտեղ  ստացել են 4-5 տարբեր դասագրքեր նույն առարկայի նույն դասարանի համար․ «Երբ որ կա ընտրություն, միշտ  շահում է որակը։ Մեր խնդիրը  հիմնականում գրանցվում է այն ուղղություններում, որտեղ չունենք մրցակցություն։ Իսկ նախկինում միայն այդպես էր, մրցակցություն չկար ընդհանրապես։ Հիմա մենք ձևավորել ենք մրցակցություն,  հիմա, օրինակ,  մի քանի ուղղություններով, վստահ եմ, ունենալու ենք ամեն տարվա վրա ավելի լավ դասագիրք, որովհետև 4-5 խումբ գրում են, դու ունենում ես ընտրելու հնարավորություն»։

Ինչ վերաբերում է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին, որի առնչությամբ հնչել են տարբեր քննադատություններ, մասնագետների կողմից ներկայացվել են գրքում առկա մի շարք սխալներ, վրիպակներ, Ժ.Անդրեասյանն ասաց. ««Պատմության» դասագրքի մասին այդքան խոսում էին մեր բոլոր հայտնի, անհայտ  պատմաբանները, նրանցից ոչ մեկը գիրք չի գրել։ Այդքան խոսում են, կարևորում են, ո՞ւր են իրենց գրած գրքերը, ինչո՞ւ ենք մենք էլի «Պատմություն» առարկայի դասագրքի մրցույթ հայտարարում ու մնում նույն վիճակում։

Մասնագետները պետք է գրեն, ԿԳՄՍՆ չի գրելու դասագիրք. մասնագիտական դաշտը գրի, մեզ տա հնարավորություն ընտրելու լավը։ Եթե իրենք չգրեն, մենք հայտնվելու ենք նույն վիճակում, դրա համար եթե այդքան կարևորում են, խրախուսում եմ, որ արդեն հաջորդ տարվա համար հայտարարված են մրցույթներ, թող դիմեն, բոլոր գրքերը կկարդանք, կընտրենք լավագույնը»։

  • Կիսվել: