կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աթենքում կայացել է Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում

Աթենքում կայացել է Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ հուլիսի 7-ին կայացել է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, միջոցառումը կայացել է Աթենքում ՀՀ դեսպանատան շենքում, որտեղ ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, հոգևոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ըստ աղբյուրի՝ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշել է. «2021 թվականի նոյեմբերի 23-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում», որտեղ Հայաստանի հայտին աջակցել են Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան և Սիրիան։ Ուստի, չափազանց կարևոր է նման միջոցառման կազմակերպումն այստեղ՝ Աթենքում՝ որպես երախտագիտության նշան մեր հույն ընկերներին՝ իրենց աջակցության համար։ Թերևս այս աջակցության պատճառներից մեկն էլ գալիս է նրանից, որ Ներսես Շնորհալին եկեղեցիների միասնության մեծ ջատագովն էր։ Ներսես Շնորհալին անխոնջ աշխատում էր՝ հունական, լատինական և սիրիական եկեղեցիների հետ միությանն ուղղված քննարկումներում և բանակցություններում՝ մի խնդիր, որը թվում էր մոտ է հաջողության, այնինչ Ներսես Շնորհալու մահվամբ պայմանավորված՝ գործընթացը վերջնական ավարտին չհասավ: Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նրան մեծարում է որպես Սուրբ Ներսես Կլայեցի՝ եկեղեցու միասնությանն ուղղված կարևոր ջատագով լինելու փաստի համար»:

 

Ըստ աղբյուրի՝ այս առանձնահատուկ տարելիցը նշելու համար Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ հատուկ հրավերով դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին՝ ներկայացնելու մեծ Կաթողիկոսի մտքի արդիականությունը՝ նշելով. «Թերևս կարելի է հասկանալ Ներսես Շնորհալու բացառիկ անհատականությունը ու ձեռքբերումները, եթե մեկը գիտակցի, որ դրանք բխում են ոչ միայն հազվագյուտ, աստվածատուր տաղանդներից, այլ հատկապես նրա խորը հոգևորությունից և անձնական հավատքից»: Շարունակելով խոսքը՝ նա կարևորել է. «Ներսեսի բանաստեղծությունները հավատացյալին առաջարկում են անմիջական և սերտ ըմբռնում մարդկության նկատմամբ Աստծո հոգատարության մասին՝ հեշտությամբ և կիրառելի կերպով նրանց հասցնելով աստվածաշնչյան տեքստը»: Բանախոսն ընդգծել է նաև, որ հատկապես «աչքի է ընկնում Ներսես Շնորհալու էկումենիկ ոգին, որը ծնվել է Քրիստոսի մարմնի միասնության խոր ցանկությունից։ Դրան զուգընթաց ընթանում է նրա հոգատարությունը հայ ժողովրդի անվտանգության և հոգևոր բարեկեցության նկատմամբ ցնցումների ու այս ու այն կողմ սփռված լինելու ժամանակաշրջանում»:

Ամփոփելով դասախոսությունը, պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը շեշտել է հետևյալը. «Ներսես Շնորհալին եղել է հայ ժողովրդի առաջնորդը։ Նրա անունից ես կցանկանայի խնդրել համաշխարհային առաջնորդներին խիզախություն և կարեկցանք ցուցաբերել՝ գտնելու ուղիներ՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի կողմից 120 000 արցախահայության անօրինական և կյանքին վտանգ սպառնացող շրջափակումը»։

Հունաստանում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ՝ ելույթից, ինչպես նաև հարցուպատասխանից հետո հյուրերը վայելել են հայկական և հունական երաժշտություն՝ հունահայ երկու մեծագույն երաժիշտների կատարմամբ՝ Ֆիլիպոս Նակասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, նշանավոր կիթառահար Յակովոս Քոլանյանի և Հունաստանի Ամերիկյան քոլեջի երաժշտության պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Քրիստինե Թոքաթլյանի կատարմամբ, որին հետևել է ընդունելություն՝ հայկական գինիների և կոնյակի, ինչպես նաև տարբեր ուտեստների հյուրասիրությամբ:

  • Կիսվել: