չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Աշխարհը տեսախցիկով» միջազգային ֆոտոնախագծի երևանյան ցուցահանդեսը՝ հունվարի 30-ին

«Աշխարհը տեսախցիկով» միջազգային ֆոտոնախագծի երևանյան ցուցահանդեսը՝ հունվարի 30-ին

2021թ.-ի հունվարի 30-ին, ժամը 17:00-ին Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում տեղի կունենա «Աշխարհը տեսախցիկով» միջազգային ֆոտոնախագծի երևանյան ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Ֆոտոնախագիծն իրականացվել է երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EAICY) շրջանակներում՝ Սանկտ Պետերբուրգի պատանեկան ստեղծագործության քաղաքային պալատի նախաձեռնությամբ: «Աշխարհը տեսախցիկով» նախագծի շրջանակներում իրականացվել է լուսանկարչական դասընթաց, որին մասնակցել են երեք երկրների՝ Ռուսաստանի (Սանկտ Պետերբուրգ), Գերմանիայի (Լայպցիգ) և Հայաստանի (Երևան) ոչ ֆորմալ կրթական հաստատությունների լուսանկարչական ստուդիաների սաներ:

Հայաստանից մասնակցել են ԵՔՄՍԿ լուսանկարչական երկու ստուդիա՝ Ասատուր Եսայանցի և Սամվել Աղաջանյանի ղեկավարությամբ: Արդյունքում՝ ավելի քան 70 աշխատանք է ներկայացվել լուսանկարների միջազգային հեռավար ցուցահանդեսին: Իսկ հայ պատանիների շուրջ 30 աշխատանքները կցուցադրվեն հունվարի 30-ին:

Նախագծի նպատակն է ապացուցել, որ չնայած սահմանների փակ լինելուն և կարանտինային սահմանափակումներին՝ հնարավոր է ապահովել երեխաների կրթական առօրյան, շփվել ստեղծագործության միջոցով և նույնիսկ ընկերներ ձեռք բերել՝ փոխանակելով նոր գաղափարներ: Ապացուցելու նաև, որ ցանկացած հաջողություն հիմնված է աշխատասիրության, համբերատարության և ստեղծագործական որոնումների վրա:

Երևանի մանկապատանեկան կենտրոնը զբաղվում է ոչ ֆորմալ կրթության կազմակերպմամբ: 2019թ.-ից անդամակցում է երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիային (EAICY): Այս ֆոտո նախագիծը առաջինն է ասոցիացիայի կազմում, որն իրականացվեց 2020թ. ամռանը՝ կարանտինային սահմանափակումների ընթացքում: Այս տարի ևս նախատեսվում է իրականացնել բազմաթիվ նոր, հետաքրքիր և բովանդակալից նախագծեր»,-նշված է հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: