կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգը. «Երևանյան հեռանկարներ»

Աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգը. «Երևանյան հեռանկարներ»

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։

«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է։ Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորություննենը գրեթե սահմաններ չունեն». Վալերի Գերգիև

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում` Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել, Նիկոլայ Կապուստին։

Նոբոյուկի Ցուջի «The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, 2009թ-ին ստացավ Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետևեց դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի և հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։ Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի֊Բի֊Սի֊ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յոմիուրի Նիպպոն Սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ և Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սիեթլի և Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բազելի սիմֆոնիկ նվագախումբը։ Նա համագործակցել է նաև մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։ Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի համերգասրահի Շտերն սրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում, որոնց թվին են պատկանում Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահը, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը, Բեռլինի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Մուզիքֆերայնը։ 2018-2019թթ.-ի համերգաշրջանում Նոբուն ելույթ է ունենալու Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ Վլադիմիր Աշքենազիի և Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Դաշնակահարն այնուհետև պատրաստվում է Օրփեոս կամերային նվագախմբի հետ համերգային շրջագայությամբ մեկնել ԱՄՆ֊ի արևելյան ափ և Ասիական մի շարք երկրներ։ Ավելի ուշ Նոբուն առաջնելույթով հանդես է գալու Լոնդոնի Սաութբենք կենտրոնում՝ «Միջազգային դաշնամուրային շարք» միջոցառման շրջանակներում։

Այս համերգաշրջանի ընթացքում նախատեսվում է մասնակցություն Ռոստրոպովիչի փառատոնին, ինչպես նաև մի շարք մենահամերգներ Գերմանիայի խոշոր համերգասրահներում, որոնցից են Բեռլինի ֆիլհարմոնիան և Շտուտգարտի Լիդերհալլեն։ Նոբույուկի Ցուջին «Avex Classics International» ընկերության բացառիկ իրավունքով ձայնագվող արտիստ է, նրա ալբոմները ներառում են Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը՝ Բեռլինի գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Չայկովսկու թիվ 1 կոնցերտը՝ Յուտակա Սադոյի և Բի֊Բի֊Սի ֆիլհարմոնիկի, և Բեթհովենի թիվ 5 կոնցերտը՝ Օրփեոս կամերային նվագախմբի հետ։ Ձայնագրության մաս են կազմում նաև Շոպենի, Մոցարտի, Դեբյուսիի և Լիստի ստեղծագործությունների մենահամերգային ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի շրջանակներում Նոբուն ձայնագրել է Ռախմանինովի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով» ստեղծագործությունը՝ Վասիլի Պետրենկոյի և Լիվերպուլի արքայական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Նոբուի՝ Քարնեգի համերգասրահի 2011թ-ի մենահամերգի տեսագրությունն արժանացել է Գրամոֆոնի «Ամսվա ձայնագրություն» մրցանակին։ Նույն մրցանակին է արժանացել նաև երաժշտի վերջին տեսագրությունը՝ «Հպվելով հնչյունին․ Նոբույուկի Ցուջիի անհնարին շրջագայությունը» վավերագրական ֆիլմը՝ նկարահանված Փիթեր Ռոսենի կողմից։ Նոբուի միջազգային շրջագայությունների հովանավորն է All Nippon Airways-ը, ում աջակցությունը նշվում է երախտագիտությամբ։

  • Կիսվել: