կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արդյո՞ք վերացնելով պատմականը, հնարավոր է կառուցել ավելի բարեկարգ Երևան

Արդյո՞ք վերացնելով պատմականը, հնարավոր է կառուցել ավելի բարեկարգ Երևան

Նախահեղափոխական իշխանությունները մեծամասամբ Երևանում վերացնելով պատմականը, կառուցեցին ոչ թե բարեկարգ, այլ անճաշակ Երևան։ Թվում էր, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ Երևանն ապականելու միտումը պետք է վերանար, սակայն պարզվեց Երևանի հեղափոխական առաջին քաղաքապետ Հայկ Մարությանն ու մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այլ կարծիքի էին։

Չնայած, որ իշխանության գալով՝ Հայկ Մարությանն ու Արթուր Մեսչյանը, հայտարարել էին, որ այլևս որևէ պատմական շենք Երևանում չի քանդվելու։ Հայտարարեցին, բայց շարունակեցին նախկինների գործելաոճը։ Երևանի կենտրոնում, Խորենացի 13 հասցեում տեղակայված նախկին Լուսավորության նախարարության շենքը, որը կառուցվել էր 1950 թվականին, իր յուրահատուկ ճարտարապետությամբ Երևանի առանձնացող կառույցներից էր։ «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող, զարդաքանդակներով շենքն իսկապես մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու արժանի ու հետաքրքիր նմուշ էր։ Թե ինչու, ինչ տրամաբանությամբ տուֆե ամուր, կանգուն, գեղեցիկ շենքը որոշվեց քանդել նախկինների օրոք, այդպես էլ հանրությանը չբացատրվեց, ժամանակներն էին այդպիսին։

Սակայն, ըստ մասնագետների, շենքի կանգուն մնացած ֆասադը հնարավոր էր փրկել, հետագայում շենքը նույն տեսքով վերականգնելու համար։ Մինչդեռ շենքը, այսինքն շենքի այն մասը, որը դեռ կանգուն էր մնացել հեղափոխությոնից հետո, Հայկ Մարությանն ու քաղաքի գլխավոր ճարատարապետը վերջնական վերացրեցին, հայտարարելով, որ նախկիններն արդեն այն քանդելու և տեղում նոր շենք կառուցնելու թույլվություն տվել էին և իրենք այլևս չէին կարող որևէ բան փոխել։ Ըստ նախագծի քանդված շենքի տեղում կառուցվում է ճարտարապետական առումով աչքի չընկնող, ապակեպատ բազմահարկ շենք։

Ավելի քան 2800 ամյա պատմություն ունեցող Երևանում այսօր դժվար է գտնել ոչ միայն հազարամյակների, այլ նույնիսկ 100, կամ կես դարյա պատմություն ունեցող շինություններ։ Դժվար է, որովհետև «լավ տղերիքն» քաղաքային պատմություն պետք չէր, իսկ նրանց փոխարինած «կարգին տղերքին» պետք է ապակեպատ բիզնես շենքեր, որոնք իրենց սառը և անշուք տեսքով կդառնան քաղաքը երբևէ ղեկավարած մարդկանց, Երևանի նկատմամբ ունեցած սառը անտարբերության խորհրդանիշ։

  • Կիսվել: