ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել՝ ներգրավելով բոլոր թիրախային խմբերին և ամփոփելով բոլոր շահագրգիռ կողմերի ու մասնագետների կարծիքներն ու գաղափարները՝ ներկայացնել առաջարկություններ հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ:

  • Կիսվել: