երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կցուցադրվի կոմպոզիտորի դիմակը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կցուցադրվի կոմպոզիտորի դիմակը

Հետաքրքրասերներն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող են տեսնել նաև մեծ կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է: Այս մասին հայտնում է տուն-թանգարանը:

 

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կոմպոզիտորի հետմահու դիմակը:

Տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և, գիտենալով, որ դիմակը դեռևս գտնվում է քանդակագործի արվեստանոցում, ջանում էր ձեռք բերել այն, որը որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ՝ և´ որպես մաեստրոյի դիմակ, և´ որպես մեծահամբավ քանդակագործի աշխատանք, մեծ հետաքրքրություն կառաջացներ այցելուների շրջանում:

Քանդակագործի մահից հետո, երջանիկ պատահականությամբ, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի (’’Nico Art Gallery’’) համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպեց պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին, և նրանք եկան համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու:

  • Կիսվել: