կիրակի, սեպտեմբեր 19
19 / 9 / 2021
Արա Խզմալյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրենի հետ

Արա Խզմալյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Այցի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, նախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովի հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ քննարկվել են Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցադրության, 2022 թվականին Ռուսաստանում կայանալիք «Հայկական մշակույթի օրերի» կազմակերպման և թանգարանի բացառիկ հավաքածուները հայկական նվագարաններով համալրելու ծրագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում սեպտեմբերի 11-ին կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները: Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ա. Բաբաջանյանի հոբելյանական տարում միջոցառումների կազմակերպման համար նախարարի տեղակալը պարգևատրվել է Առնո Բաբաջանյանի հոբելյանական մեդալով:

Սեպտեմբերի 14-ին, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի կունենա մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի հոբելյաններին նվիրված համերգ: Կհնչեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:

  • Կիսվել: