չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 40 257 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից

Ժամը 20:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 40 257 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից

Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է 900005002762:

Շարունակվում են աշխատանքները տարբեր մարզերում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցավայրերով, սննդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության տարբեր միջոցներով ապահովման գործընթացը:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ: Ըստ այդմ՝ ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 480, Հակարիի կամուրջը հատել է 21 076 տրանսպորտային միջոց, հաշվառվել են 83 468 անձ:

Սեռատարիքային նկարագիրը հետևյալն է՝ արական սեռի ներկայացուցիչները կազմում են շուրջ 49 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչները՝ 51 տոկոս: Սեռատարիքային նկարագիրն, ըստ Նազելի Բաղդասարյանի, կարևոր է հասցեական լուծումներ գտնելու առումով:

Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամների թիվը՝ 2083, վիրավորների թիվը՝ 272: 20 հազարից ավելի անչափահաս երեխա է հատել Հայաստանի սահմանը, և ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով՝ արդեն 674 երեխա ընդգրկվել է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում:

Ժամը 20:00-ի դրությամբ 40 257 անձ օգտվել է պետության կողմից առաջարկված կեցավայրերից: Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ կարճաժամկետ ծրագրերից հետո Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

12 300 զանգ է գրանցվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծին: Առաջնային կարիքների գնահատման համար 22 300 հայտ է լրացվել:

1000-ից ավելի կամավորներ Հայաստանի ամենատարբեր տարածքներում պետության կողքին շարունակում են աշխատել: Շուրջ 230 կազմակերպություն առաջարկել է տարբեր ծառայություններ, որոնք կմատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:

ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է հարթակ, որտեղ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են լրացնել տվյալները հետագայում աշխատանքի տեղավորման նպատակով: ԿԳՄՍ նախարարության թեժ գիծն է՝ 010- 59-96-00:

Նմանատիպ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Առողջապահության նախարարությունը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ: Առողջապահության նախարարության թեժ գիծն է՝ 8003:

  • Կիսվել: